Home / Դատարան / Գործարանի աշխատողները բողոքարկում են պարտադրված ստրկացուցիչ պայմանագրերը

Գործարանի աշխատողները բողոքարկում են պարտադրված ստրկացուցիչ պայմանագրերը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Նաիրիտ 2» գործարանի կողմից իրենց պարտադրված, ստրկացուցիչ բնույթ ունեցող պայմանագրերը: Գործարանի տնօրեն Հակոբյանը ստիպել է նրանց հրաժարվել 18 ամիս աշխատավարձը ուշացնելու համար տույժ ու տուգանքներից՝ սպառնալով, որ եթե չստորագրեն, աշխատավարձը ևս չեն ստանա:

Նաիրիտցիների փաստաբան Տիգրան Սարգսյանն այդ կապակցությամբ Epress.am-ի հետ զրույցում ասել է․ «Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ ստրկացուցիչ գործարքները անվավեր են: Ստրկատիրական են այն գործարքները, երբ մի կողմը մյուս կողմի համար ակնհայտ անբարենպաստ պայմաններ է ստեղծում, և մարդը գնում է ակնհայտ իր շահերի դեմ: Մարդիկ եղել են սոցիալապես ծանր պայմաններում, գնացել են ակնհայտ իրենց շահերին դեմ գործարքի: Պահանջում ենք պայմանագիրը էդ մասով անվավեր ճանաչել»: Այսօր՝ մարտի 14-ին, կայացել է խաբված աշխատավորների գործով դատական նախնական նիստը։

Նաիրիտցիները պատմել են, որ իրենք, տարիներ շարունակ առանց աշխատավարձի աշխատելով, կուտակել էին պարտքեր, վարկեր, չէին կարողանում առողջապահակպան ու սննդի կարիքները հոգալ, ուստի ստիպված գնացել են այդ նախապայմանին:

«Պարզվեց, որ այդ սպառնալիքը ճիշտ էր: Մեզ մոտ կար մեկը, որը սկզբունքորեն չստորագրեց, թե հրաժարվում է տույժերից, մինչև հիմա նրա աշխատավարձի պարտքն էլ չեն տվել: Դա կազմակերել են այն ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեր գործարանի տնօրինության հետ, որպեսզի այ գումարներն էլ իրենց մնան», – ասել է խաբված աշխատողներից մեկը:

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով: Դատարան են դիմել 21 աշխատողներ: Նրանցից երեքի գործը քննվել է այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանրուր իրավասության դատարանում: Իրենց գործընկերներին եկել էին պաշտպանելու «Նաիրիտի» ավելի քան 100 այլ աշխատողներ, ովքեր ևս դիմելու են դատարան և հույս ունեն որ այս գործով վճիռը նախադեպային է լինելու բոլորի համար: Դատարան չէին ներկայացել պատասխանող կողմը՝ «Նաիրիտ 2-ի» ներկայացուցիչները: Դատավոր Գևորգ Նաիրինյանը հարցրել է հայցի հիմքն ու առարկան և որոշել է ապացուցման բեռը դնել հայցվորների վրա: Հայցվորները իրենց պայմանագրերը և այլ իրեղեն ու գրավոր ապացույցները կներկայացնեն հաջորդ դատական նիստին: