Գլխավոր / Դատարան / Նաիրիտցիները բացարկ հայտնեցին դատավորին ոչ անաչառ պահվածքի համար

Նաիրիտցիները բացարկ հայտնեցին դատավորին ոչ անաչառ պահվածքի համար

Իրենց ստրկացուցիչ պայմանագրեր պարտադրելու համար «Նաիրիտ 2» ընկերության դեմ պայքարող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր բացարկ են հայտնել գործը քննող դատավոր Նաիրա Հովսեփյանին։

«Դատարանն անհարկի ձգձգում է դատական նիստերը, ուսումնասիրում փաստաթղթեր, որոնք կապ չունեն գործի հետ, իր ժեստերով և միմիկայով դատական գործի ելքի կանխորոշվածություն է ցույց տալիս։ Այս ամենն անհանգստություն է առաջացրել դատարանի անաչառության վերաբերյալ։ Տպավորությունն այդպիսին է հասարակության մոտ»,֊ բացարկի միջնորդություն ներկայացնելով՝ ասել է հայցվոր նաիրիտցիների պաշտպան Տիգրան Սարգսյանը։

Նաիրա Հովսեփյանը նախկինում մի քանի այլ գործերի անհարկի ձգձգումների համար զգուշացում էր ստացել Արդարադատության խորհրդից։

Հովսեփյանը երեք ժամ ժամանակ է վերցրել և հեռացել խորհրդակցական սենյակ։ Նա ասել է, որ կվերադառնա 18։00-ից տասը պակաս։ Այս երկար ընդմիջումը ևս անհանգտացրել է դատարանում ներկա շուրջ 100 նաիրիտցիների։

Դատական նիստերի դահլիճից դուրս փաստաբան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ նիստին Հովսեփյանը նաև հայտարարել էր, որ հայցին կից ներկայացված փաստաթղթերը քիչ են։

«Այդ ամենին դատարանն իր գնահատականը պետք է տա դատական ակտով։ Գործի դատավարության ընթացքում նա չպետք է նման հայտարարություններ անի»,֊ ասել է փաստաբանը։

Նշենք, որ պատասխանող «Նաիրիտ 2» ընկերության ներկայացուցիչը, ինչպես նախկին նիստերին, այսօր էլ չէր ներկայացել դատարան։ Նախորդ նիստին «Նաիրիտ 2»֊ն ուղարկել է իր պատասխանը՝ նաիրիտցիների հայցի վերաբերյալ։ Այդ պատասխանում ընկերությունն ասել է, որ հետ է պահանջում «Նաիրիտի» նախկին աշխատողների՝ 18 ամիս ուշացումով ստացված աշխատավարձները։

Նաիրիտցիները պահանջում են, որպեսզի Դատարանի վճռով անվավեր ճանաչվի իրենց պարտադրված պայմանագրերը, որոնցով իրենց աշխատավարձերը վճարվել են նախապայմանով, որ իրենք պետք է հրաժարվեն ուշացման համար օրենքով սահմանված տույժ֊տուգանքներից։

«Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ ստրկացուցիչ գործարքները անվավեր են: Ստրկատիրական են այն գործարքները, երբ մի կողմը մյուս կողմի համար ակնհայտ անբարենպաստ պայմաններ է ստեղծում, և մարդը գնում է ակնհայտ իր շահերի դեմ: Մարդիկ եղել են սոցիալապես ծանր պայմաններում, գնացել են ակնհայտ իրենց շահերին դեմ գործարքի: Պահանջում ենք պայմանագիրը էդ մասով անվավեր ճանաչել»,֊ առաջին նիստին Epress.am-ին ասել էր փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Tekali Taxi