Home / Դատարան / Նախկին պատգամավորի դեմ մահափորձի գործը պետք է վերաբացվի․ ՄԻԵԴ

Նախկին պատգամավորի դեմ մահափորձի գործը պետք է վերաբացվի․ ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 27-ին Սիլվա Ասատրյանի գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացրել: Դատարանը ճանաչել է, որ Ասատրյանի արդար դատավարության իրավունքը հայստանյան դատարաններում խախտվել է։ Հայաստանում դատական բոլոր ատյաններն Ասատրյանին մահափորձի մեջ մեղավոր են ճանաչել՝ դատավճռի հիմքում դնելով չհետազոտված ապացույցներ և չհարցաքննված վկաների ցուցմունքներ։ Համաձայն ՄԻԵԴ֊ի վճռի, Հայաստանը Ասատրյանին պետք է վճարի ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 2.400 եվրո։ Ըստ մեղադրանքի՝ Ասատրյանը մահափորձ էր կազմակերպել նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ։ Քանի որ, ըստ Եվրոպական դատարանի, Հայաստանը խախտել է արդար դատավարության իրավունքը, գործը պետք է վերաբացվի։

«Ասատրյանը դատապարտվել էր 9 տարի ազատազրկման, 7.5 տարի անցկացել է բանտում՝ չկատարած հանցագործության համար։ Մեզ համար կարևորն այն է, որ գործը վերաբացվի, և մեր պաշտպանյալը արդարացվի։ Փոխհատուցման համար էլ կդիմենք վճռից հետո, սակայն առաջնայինը արդարացումն է մեզ համար»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Ասատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Նշենք, որ Ասատրյանի գործում առկա խախտումների մասին ահազանգում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)։

«Այս դեպքն այն բազմաթիվ դեպքերի շարքում է, երբ քաղաքացիները հետապնդվում են պետական մարմինների կողմից և պաշտոնական մեղադրանքները ապացուցված չեն և հիմնված են տնտեսական և/կամ անձնական հարաբերությունների վրա։ Տիկին Սիլվա Ասատրյանը և նրա ամուսին Արթուր Գյուրջինյանը մի փակ ընկերության փոքրամասնական ավանդատուներ էին, և այդ ընկերության գրասենյակը գտնվում էր հայ սփյուռքի ներկայացուցչին պատկանող մի շենքում։ Ամուսինները նաև ունեին բնակարան նույն շենքում։ Պարոն Մելիք Գասպարյանը, տեղացի գործարար, սկսում է գնել այդ տարածքի հողերը։ Նա գնում է ամուսինների բնակարանը, բայց վճարում պայմանավորված գնի միայն 80% և խոստանում մնացածը վճարել ավելի ուշ։ Քիչ ժամանակ անց, պարոն Մելիք Գասպարյանի ավտոմեքենան ոչնչացվում է պայթուցիկ նյութի միջոցով։ Նա մեղադրում է տիկին Ասատրյանին և պարոն Գյուրջինյանին այդ պայթյունի մեջ։ 2001թ. դեկտեմբերի 29–ն դատախազությունը ձերբակալում է ամուսինների տղային և համարյա մեկ տարի պահում մեկուսարանում՝ չներկայացնելով որևէ ապացույց պայթյունի դեպքի մեջ նրա ներգրավվածության մասին։ Նա ազատվում է 2002թ. սեպտեմբերի 27–ն., իսկ 2004թ. ձերբակալվում է նրա մայրը, տիկին Ասատրյանը», ֊ ասված է միջազգային ֆեդերացիայի զեկույցում։

Իր հերթին, Կարեն Մեժլումյանը Epress.am֊ին ասել է, որ նախաքննող մարմինը տեղյակ է եղել, որ մահափորձը չի իրականացվել Ասատրյանի կողմից, քանի որ գործում եղել են պատգամավորի հեռախոսազանգերի վերծանումներ, որոնք ապացուցում էին, որ Գասպարյանն այլ անձանցից էր ստացել  սպառնալիքներ։ Նախաքննող մարմինը, սակայն, այդ փաստերը չի ուսումնասիրել։

Tekali Taxi