Վարդենիս քաղաքի բնակիչներ Նարինե, Բագրատ և Արևիկ Նալբանդյանները խոշտանգվել են ոստիկանության բաժանմունքում, զրկված են եղել իրենց հասանելիք իրավաբանական օգնությունից․ Նարինե և Բագրատ Նալբանդյանների դեպքում Հայաստանի Հանրապետությունը չի կիրառել արդար դատավարության իրավունքը։ Նալբանդյանների աղմկահարույց գործով նման վճիռ է 2015 թվականին կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Անկախ այդ վճռից, սպանության մեղադրանքով դատապարտված Նարինե Նալբանդյանը մինչ օրս բանտում է։ Մեղադրյալը, ինչպես և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը պնդում են՝ Նալբանդյանների ընտանիքի անդամները 2004 թվականին չեն սպանել Արևիկ Նալբադյանի համադասարանցի 16-ամյա Սույզաննա Սարգսյանին և նետել հորը, ինչպես նշում էին հայաստանյան ատյանները։
Նալբանդյանների խոսքով՝ Վարդենիսը ցնցած սպանությունը իրենց վրա սարքել են այն ժամանակվա Վարդենիսի ոստիկանապետ Վիկտոր Հակոբյանը և մարզային դատախազ Ֆեդիկ Բաղդասարյանը։ Նշենք, որ Վիկտոր Հակոբյանը դեպքից մի քանի ամիս անց ազատվել է աշխատանքից։ Նարինեի դուստրը՝ Արևիկ Նալբանդյանը պատմում է, որ ոստիկանությունում իրեն ծեծի ենթարկելու ընթացքում սենյակում ներկա է եղել նաև այն ժամանակ դատախազի օգնական Վարդան Հարությունյանը, որն այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր է։
ՄԻԵԴ֊ն ապացուցված է համարել, որ Նարինե և Բագրատ Նալբանդյանների ինքնախոստովանական ցուցմունքները իրավապահները կորզել են ծեծի և խոշտանգումների միջոցով։
Ինչպես նշում է Սեդա Սաֆարյանը, դատավարությունն անցել է նույնքան լուրջ խախտումներով, որքան գործի նախաքննությունը։ Փաստաբանի խոսքով՝ հայաստանյան բոլոր դատական ատյանները թույլ են տվել բազմաթիվ բացթողումներ, ինչն էլ հետագայում արձանագրել է ՄԻԵԴ֊ը։ Եվրոպական դատարանի վճռից հետո Հայաստանում գործը վերաբացվել է, սակայն Նարինե Նալբանդյանը շարունակում է բանտում մնալ, քանի որ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են։
Մանրամասները՝ տեսանյութում․