հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը ՀՀ նախագահին և վարչապետին առաջարկություններ են արել

Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը ՀՀ նախագահին և վարչապետին առաջարկություններ են արել

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։

Նամակներում տեղեկություն է տրամադրված Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ներկայացված են հետազոտություններից տվյալներ և համապատասխան գերատեսչություններին արված են առաջարկություններ։

Մասնավորապես, ՀՀ նախագահին առաջարկվել է՝

Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։

Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

Վերը նշված առաջարկություններն ուղղվել է բոլոր գերատեսչություններին։

Վարչապետի դեպքում նաև առաջարկվել է

Իրականացնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային կոնվենցիոն պարտականությունները, մարդու իրավունքների կոնվենցիոն և այլ մարմինների, ներառյալ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների կոմիտեի, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բոլոր առաջարկությունները, որոնք առնչվում են ԼԳԲՏ իրավունքների իրացման ապահովմանը։

Ոստիկանությանն ու դատախազությանը՝

Իրավապահ գործունեություն իրականացնելիս ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:

Նույն սկզբունքը առաջարկվել է հաշվի առնել նաև պատգամավորներին ՝ օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս, իսկ Սահմանադրական դատարանին՝ գործեր քննելիս և իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս։

Կրթության և գիտության նախարարությանը՝

ՀՀ-ում խթանել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմների ստեղծումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝

ՀՀ-ում ստեղծել սոցիալական ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Առողջապահության նախարարությանը՝

ՀՀ-ում ստեղծել առողջապահության ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Հայաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա միջոցառումներին կարող եք ծանոթանալ pinkarmenia.org կայք էջում։

Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։

Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։

2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։

Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։

Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։

Նշենք նաև, որ այսօր առավոտվանից Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան բակում իջեցվել է այդ երկրի դրոշը և փոխարենը բարձրացվել է ԼԳԲՏ+ համայնքի դրոշը։