Գլխավոր / Բանտ / Ծանր հիվանդ կալանավորը հացադուլ է հայտարարել

Ծանր հիվանդ կալանավորը հացադուլ է հայտարարել

«Հրազդան» ՔԿՀ-ում պահվող, սրտի հիվանդություն ունեցող 50-ամյա դատապարտյալ Արայիկ Հակոբյանը երեկվանից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն համապատասխան բուժօգնություն տրամադրել։

Epress.am-ի հետ զրույցում դատապարտյալի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, պատմել է, որ իր որդիները ժառանգական սրտային հիվանդություններով են տառապում։ Կրտսեր որդին 30 տարեկանում մահացել է սրտային կաթվածից։

Արդեն 9 տարի բանտում գտնվող Արայիկ Հակոբյանը 2 անգամ սրտի վիրահատություն է տարել, և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի հսկողության տակ:

Դատապարտյալի հայրը պատմել է, որ մայիսին կարճ ժամանակով որդուն տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Ապա հանձնաժողովի որոշմամբ, հունիսի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել էին «Հրազդան» ՔԿՀ, որտեղ, ըստ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության, բժիշկ-սրտաբան չկա:

Իրավապաշտպանները նշում են, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, սրտաբան կա միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և «Արմավիր» ՔԿՀ-ում։

Արայիկ Հակոբյանի շահերը պաշտպանող «Հելսինկյան ասոցիացիան» հայտարարություն է տարածել, որով պահանջում է հրատապ, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել՝ անցանկալի հետևանքները կանխելու նպատակով:

««Դատապարտյալների հիվանդանոցում» էլի որոշ չափով դեղ տալիս էին, չնայած չէին բուժում, հիմա էլ տարել են «Հրազդան»՝ փակ ռեժիմ», — հայրը, իր հերթին, ահազանգում է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որդին ամեն րոպե կարող է մահանալ սրտի կաթվածից․ «Նրա խոլեստերինը շատ է, սրտի անոթները փակ են»։

Հակոբյանը ամիսներ առաջ վաղաժամ ազատման դիմում է գրել, որի պատասխանը եկել է միայն երեկ։ Հոր խոսքով՝ խոստացել են հանձնաժողով կազմել և քննել նրա դիմումը։ Մոտ 15 ամսից լրանում է Հակոբյանի կալանքի ժամկետը։

Մաքսիմ Հակոբյանը նաև նշել է, որ որդին անարդար կերպով է տարիներ շարունակ գտնվում բանտում․ նա մեղադրվել է խաբեության մեջ և դատապարտվել են առանց ապացույցների։