Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեխաների շրջանում նույնասեռականության քարոզչությունն արգելելու վերաբերյալ ռուսաստանյան օրենքը ճանաչել է խտրական․ ըստ ՄԻԵԴ֊ի, 2013 թվականին ընդունված օրենքը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ կարծիքի արտահայտման իրավունքի և խտրականության արգելման մասին հոդվածները։ Այս մասին հաղորդում է «Բի֊Բի֊Սի» գործակալության ռուսաստանյան ծառայությունը։
ՌԴ արդարադատության նախարարությունն իր անհամաձայնությունն է հայտնել ՄԻԵԴ֊ի որոշման վերաբերյալ ու խոստացել այն բողոքարկել դատարանի Մեծ պալատում։ Ռուսաստանյան կողմի համոզմամբ, օրենքը չի հակասում միջազգային պրակտիկային։
Օրենքի վերաբերյալ բողոք ՄԻԵԴ էին ուղարկել «նույնասեռականության քարոզի» համար վարչական պատասխանատվության ենթարկված ԼԳԲՏ ակտիվիստներ Նիկոլայ Բաևը, Ալեքսեյ Կիսելյովն ու Նիկոլայ Ալեքսեևը։ Ըստ ՄԻԵԴ որոշման, ՌԴ֊ն հայցվորներին պետք է վճարի 49 100 եվրո՝ որպես նյութական ու բարոյական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում։
Նշենք՝ ՌԴ֊ում նույնասեռականության քարոզի վերաբերյալ օրենքն արգելում է «անչափահասների մոտ ոչ ավանդական սեռական վարքի ձևավորմանն ու ոչ ավանդական սեռական հարաբերությունների խրախուսմանն ուղղված տեղեկատվության տարածումը»։ Օրենքը նաև տուգանքներ է նախատեսում «ավանդական ու ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական հավասարազորության մասին աղավաղված պատկերացում ձևավորելու, ինչպես նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնող տեղեկատվություն տարածելու համար»։