Home / Դատարան / Վարուժան Ավետիսյանը կոչ է արել ապստամբել և ոչնչացնել Սերժ Սարգսյանին

Վարուժան Ավետիսյանը կոչ է արել ապստամբել և ոչնչացնել Սերժ Սարգսյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցկացվող «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստին խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության և Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչ է արել։

«Ես ապստամբության կոչ եմ անում, զենք վերցրեք և ֆիզիկապես ոչնչացրեք Սերժիկին և նրա բանդային»,- ասել է Ավետիսյանը։

Այսօրվա դատական նիստն ընթացել է լարված մթնոլորտում և մի քանի անգամ ընդմիջվել է։ Ինչպես առաջին նիստում, այս անգամ ևս դատարանի տարածքում բազմաթիվ ոստիկաններ ու կարգադրիչներ են եղել, ովքեր նիստին ներկա բոլոր մասնակիցներին խուզարկում էին, այդ թվում նաև «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների փաստաբաններին։

Փաստաբանները հրաժարվել են խուզարկվել և պնդել է, որ դա օրենքի խախտում է։

Արդյունքում դատական նիստի մեկնարկին 16 փաստաբաններից միայն Արա Ղարագյոզյանին, Արմինե Ֆանյանին և Հարություն Բաղդասրյանին էր հաջողվել առանց խուզարկության ներս մտնել։

Մոտ 40 րոպե ուշացումով սկսված նիստի ընթացքում լսելի չէին ապակու այն կողմում գտնվող դատավարության մասնակիցների ձայները։ Դահլիճում ներկա «Սասնա ծռերի» աջակիցները պահանջել են ապահովել դատավարության հրապարակայնությունը։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաձգել է նիստը՝ ասելով, որ պետք է ապահովվի բոլոր փաստաբանների ներկայությունը։

Մեկ ժամ անց դատական նիստը վերսկսվել է, և դատավարության մասնակիցներից մի քանիսի ձայնը լսելի է դարձել։ Լրագրողները խնդրել են առանց խուզարկության դահլիճ մտած մյուս փաստաբաններին լսափողը հնարավորինս մոտ պահել բերանին, որպեսզի ձայնը լսելի լինի։

Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սկսեց ներկայացնել դատավորին ինքնաբացարկ ներկայցնելու կանոնները, «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենք վաղուց են ներկայացրել իրենց բացարկը ամբողջ հանցավոր ռեժիմին, որի մեջ մտնում են նաև դատավորները, և իրենք չեն պատրաստվում կրկին առանձին-առանձին ինքնաբացարկներ ներկայացնել։

Չնայած դատավորի պնդումներին, որ Եղիազարյանը խախտում է կարգը, քանի որ նրան չի թույլատրվել հայտարարություն անել, «Սասնա ծռերի» անդամը շարունակել է խոսքը՝ ընդգծելով, որ իրենց բացարկը չի ընդունվում, քանի որ բոլորը ծառայում են նույն ռեժիմին, այդ թվում նաև դատավորը։

Գաբրիելյանը Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառել և 6 ժամով հեռացրել նիստերի դահլիճից, ապա կրկին ընդիմջել նիստը։

Նիստի վերսկսումից հետո՝ մեկ ժամ անց, դատավորը հայտնել է, որ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն առանց իր թույլտվության հեռացել է նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի ներկայության չի կարող մասնակցել նիստերին։ Ըստ Գաբրիելյանի՝ դա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ։ Դատավորը ևս մեկ անգամ ընդմիջել է նիստը՝ հայտնելով, որ որոշել է դատական սանկցիա կիրառել Եգորյանի նկատմամբ և պատասխանատվության վերաբերյալ դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ։

Որոշումը հրապարակելուց հետո փաստաբանները սկսել են բողոքել, որ դատավորը անօրինական գործողություններ է իրականացնում և առանց մեղադրյալների պաշտպանի շարունակում է նիստը։ Հենց այդ պահին զենք վերցնելու և Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչ է արել Վարուժան Ավետիսյանը։ Դատավորը նրա նկատմամբ ևս դատարանից հեռացնելու սանկցիա է կիրառել։

Դատավորի հայտարարած ընդմիջումը մեծ վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ, ովքեր պնդել են, որ դատավորը միտումնավոր է այդ քանակի ընդմիջումներ հայտարարում՝ իրենց տանջելու նպատակով։

Ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նշել է, որ դատական նիստը ապօրինի է եղել, քանի որ դատավորը իրավունք չուներ նիստը շարունակեր առանց փաստաբան Հայկ Ալումյանի ներկայության, որը մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանի միակ պաշտպանն է։ Վերջինս, բացի ՊՊԾ գնդի գրավելու և բժիշկներին ու ոստիկաններին պատանդ պահելու մեղադրանքներից, մեղադրվում է նաև երկու ոստիկանների` Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ։

Շուշանյանը, անդրադառնալով Ավետիսյանի նկատմամբ դատավորի կիրառած սանկցիային հայտարարել է, որ ինքն առանց իր պաշտպանյալի չի մասնակցելու դատական նիստերին։ Փաստաբանի խոսքով՝ հասկանալի չեն նաև անընդհատ ընդմիջումներ հայտարարելու դատավորի որոշումները․ «Հավանաբար, դատավորը, չկարողանալով ըստ նախատեսվածի տանել պրոցեսը, պարբերաբար ցուցումներ ստանալու և խորհրդակցելու կարիք ունի այն մարդկանց հետ ում պատվերը կատարում է, որի պատճառով արդեն 4-րդ անգամ ընդմիջում է հայտարարում»։

Ընդմիջումից հետո Վարուժան Ավետիսյանը, այնուամենայնիվ, մասնակցել է նիստին։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 28-ին։

Նշենք, որ տվյալ գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի 14 անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբով և զենքի գործադրմամբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և ուրիշի գույքը ոչնչացնելու համար։