Գլխավոր / Մեդիա / Լրագրողի տանը խուզարկության փորձ կատարած անձինք գերազանցել են իրենց լիազորությունները

Լրագրողի տանը խուզարկության փորձ կատարած անձինք գերազանցել են իրենց լիազորությունները

Մայիսի 11-ին Civilnet.am կայքի լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան մուտք գործելու և խուզարկության փորձ կատարելու՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները վարույթն իրականացնող մարմինը որակել է որպես պաշտոնեական լիազորությունների գերազանցում: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը (ՀՔԱՎ)։

Այդ օրը քաղաքացիական հագուստով 4 ոստիկաններ, առանց համապատասխան թույլտվության, ցանկացել են խուզարկել լրագրողի բնակարանը։ Ոստիկան ներկայացած անձինք՝ ասել են, որ Մոսկվայից տեղեկություն ունեն, թե բնակարանում է թաքնվում ծանր հանցագործություն կատարած անձ։ Ոստիկաններն ագրեսիվ վարք են դրսևորել, սպառնացել են բաժին տանել Մախսուդյանի սկեսրայրին: Ոստիկանների վերաբերմունքը փոխվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը փորձել է հեռախոսով կապվել իրավաբանի հետ: Դրանից հետո ոստիկանները, սպառնալիքներ հնչեցնելով և ընտանիքի անդամներին ահաբեկելով, հեռացել են:

Կազմակերպությունը նշում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Մախսուդյանը ճանաչվել է տուժող։ Մինչ դա, սակայն, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց օրեր անց հարուցված քրեական գործում լրագրողը ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է այդ կարգավիճակում։

«Այնինչ, ի սկզբանե պետք է քրեական գործ հարուցելուց հետո Մախսուդյանների ընտանիքը տուժող ճանաչվեր», — նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Կազմակերպության հետ զրույցում Մախսուդյանը հայտնել է, որ Ոստիկանությունը ժխտում է, թե խուզարկելու նպատակով են բնակարան մտել, և այցը պատճառաբանում է հետախուզման մեջ գտնվող անձին փնտրելով:

«Ոլորտը կարգավորող օրենսդրությունը անձի բնակարանում խուզարկություն իրականացնելու համար պարտադիր է համարում դատարանի որոշումը, ինչն այս դեպքում առկա չի եղել», — նշում է իրավաշատպան կազմակերպությունը։

Հարուցված քրեական գործի քննությամբ տուժող կողմն ակնկալում է պարզել ոստիկանության աշխատակիցների՝ Մախսուդյանների բնակարան այցի իրական նպատակն ու իրավական հիմնավորումը:

Կազմակերպության հետ զրույցում լրագրողը նշել է նաև, որ ինքը վստահ է՝ ոստիկանները չեն պատժվի, քանի որ Հայաստանում ոչ մի ոստիկան երբեք պատասխանատվության չի ենթարկվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, և թույլ չի տրվի, որ նման նախադեպ ստեղծվի: