Այսօր առավոտյան Civilnet.am կայքի լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 4 մարդիկ և առանց համապատասխան թույլտվության ցանկացել են խուզարկել լրագրողի բնակարանը։ Ոստիկան ներկայացած անձինք՝ ասել են, որ Մոսկվայից տեղեկությոն ունեն, թե բնակարանում է թաքնվում ծանր հանցագործություն կատարած անձ։ Epress.am-ի հետ զրույցում Մախսուդյանը պատմել է, որ այցելուները ողջ ընթացքում իր հետ խոսել են անհարգալից ու կոպիտ։
«07։30֊ին դուռը ծեծեցին քաղաքացիական հագուստով 4 հոգի, սկեսրայրս բացեց և լսեցի, որ տագնապած ասաց՝ մի՛ մտեք ներս․․․ ես մոտացա, ասում եմ՝ ի՞նչ եք ուզում, ասում է՝ աղջի՛կ ջան, քե՞զ պետք է բացատրենք՝ ինչ ենք ուզում։ Ասում եմ՝ իհարկե ինձ պետք է բացատրեք, դուք իմ տանն եք գտնվում, ցույց տվեք ձեր վկայականը, որ դուք ոստիկան եք։ Ասում է՝ ցույց ենք տվել, նորի՞ց պետք է ցույց տանք․․․ հետո ինչ-որ մեկը հանեց, հեռվից ցույց տվեց իր վկայականը», – պատմել է լրագրողը։ Նրա խոսքով՝ 4 անծանոթներն ասել են, որ տեղեկություններ ունեն, թե իրենց տանը ծանր հանցագործություն կատարած անձ է թաքնվում։
Մախսուդյանի հարցին, թե արդյոք նրանք ունեն տունը խուզարկելու թույլտվություն, անծանոթները պատասխանել են, թե ծանր հանցագործության դեպքում տունը խուզարկելու թույլտվություն հարկավոր չէ։
«Ասացի՝ առանց թույլտվության դուք տանը խուզարկություն չեք կարող անել։ Ասացին՝ լսի՛, դու չպիտի մեզ բացատրես մեր գործողությունները, դու էդքան իրավագիտակցություն չունես», -պատմել է լրագրողը։
Երբ Մախսուդյանը, այնուամենայնիվ, թույլ չի տվել այդ անձանց խուզարկություն անեն բնակարանում, նրանցից մեկը, նկատի ունենալով լրագրողի սկեսրայրին, ասել է․ «Հավաքենք, տանենք բաժին, քանի որ խոչընդոտում են մեր օպերատիվ աշխատանք»։
Մախսուդյանն ասել է, որ կզանգահարի իր փաստաբանին, որից հետո ոստիկան ներկայացած անձինք հանկարծ փոխել են «մարտավարությունը»՝ նշել են, որ անհագստանալ պետք չէ, իրենք ուղղակի բնակարանում ապրողների օգնության կարիքն ունեն։
«Ասում եմ՝ ի՞նչ օգնություն։ Ասում են՝ մենք Մոսկվայից տեղեկություն ունենք, որ հանցագործը, որին փնտրում ենք, wi-fi֊ով ձեր տնից կապնվել է։ Ասում եմ՝ մի քիչ առաջ ասում էիք՝ այդ հանցագործը մեր տանն է, հիմա ասում եք՝ wi-fi֊ով է կապնվել», – նշել է լրագրողը։
Ապա այցելուները հայտարարել են, որ եկել են պարզելու՝ արդյոք այդ հանցագործը ինչ֊որ բարեկամական կապ ունի նրանց ընտանիքի հետ։
«Ասում եմ՝ առանց մեր տուն գալու էլ կարող էիք պարզել բարեկամ է, թե ոչ․․․ Հետո ցույց է տալիս նկարը, որ տեսնեն, ճանաչու՞մ ենք այդ անձին, թե ոչ․ «Օդնակլասնիկի»֊ի ինչ-որ մի նկար է, ակնոցներով մի տղա է, Ծիծեռնակաբերդում կանգնած․․․ Ասում եմ՝ չեմ ճանաչում, դու՛րս եկեք իմ տնից։ Ասում է՝ դու մի՛ ասա մեզ, մենք ենք ստեղ ասողը, դու՝ կատարողը։ Շուռ եկավ կողքինին և ասում է՝ ի՞նչ անենք սրան, տանե՞նք բաժին։ Ասում եմ՝ ինձ մատով կպնեք, լուրջ խնդիրներ կունենաք», ֊ պատմել է լրագրողը։
Մախսուդյանի խոսքով՝ դրանից հետո այդ անձինք հեռացել են և խոստացել խուզարկման թույլտվությամբ կրկին այցելել բնակարան։
Լրագրողը նշել է, որ չի կարող պնդել, թե առավոտվա այցը կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ, բայց նաև ասել է, որ չի կարող բացառել դա․ «Ամեն դեպքում նրանց գործողությունները շատ արհեստական էր, քանի որ մի ժամվա ընթացքում նրանք առնվազն երկու անգամ փոխեցին այցի նպատակը, այն, թե ինչի համար են եկել մեր տուն»։