Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած այսօրվա դատական նիստին ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարել են, որ իրենք կասկածներ ունեն, թե դատարանի շենքի խցերում բռնություն է կիրառվում իրենց պաշտպանյալների նկատմամբ։ Նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանի փաստաբան Նինա Կարապետյանցը ասել է, որ պաշտպանյալներն իրենց հետ զրույցում նշել են, որ ծեծի չեն ենթարկվել։
Դատարանում իրենց կասկածների մասին բարձրաձայնելով՝ Կարապետյանցը, մասնավորապես, նշել էր, որ ընդմիջում հայտարարելուց առաջ ինքը դատարանի դահլիճից դուրս լսել է բարձր ձայներ և գոռոցներ։
«Խնդրում եմ ասել՝ ինչ վիճակում են գտնվում մեր պաշտպանյալները, նրանց դահլիճ չբերելը խիստ անհագստացնում է մեզ», -Կարապետյանցի խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի վերջին դատին գրանցված բռնությունները հաշվի առնելով, ինքը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է՝ հիմա բռնության են ենթարկվում նաև իրենց պաշտպանյալները։
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն ասել է՝ ինքը կոնկրետ տեղեկություն ունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություններ են գործադրում։
«Ինձ տեղեկություններ փոխանցեցին, որ իմ պաշտպանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատական շենքի խցերում կիրառվում է բռնի ուժ և հայհոյանքներ են հնչեցվել», – Եգորյանը նաև հավելել է, որ արդեն բավական ժամանակ է՝ ինչ դատական սանկցիայի պատճառով իր պաշտպանյալը ներկա չէ նիստին և խնդրել է ներկայացնել՝ երբ է լրանալու սանկցիայի ժամկետը։
Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանը նախորդ դատական նիստին դատական սանկցիա էր կիրառել և հեռացրել նիստերի դահլիճից. Սեֆիլյանին՝ 6 ժամով, Ներսես Պողսյանին՝ 5 ժամով, իսկ Սաֆարյանին՝ 3 ժամով:
Հնարավոր խոշտանգումների մասին Եգորյանի հայտարարությունից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը փորձել է մեջբերել քրեական դատավարության օրենսգրքից դրույթներ, սակայն նրան ընդհատել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ Վերջինս սկսել է խոսել՝ թույլ չտալով, որ Հայրապետյանի ձայնը լսվի։
«Եթե դատավորը թույլ է տալիս դատարանի շենքում խոշտանգումների ենթարկել, եթե դատավորին քրեական դատավարության նորմերը չի հետաքրքրում, նշանակում է հովանավորում է այդ բոլոր գործողությունները։ Դուք ի վիճակի չեք արդար գործի քննություն իրականացնել», – չնայած դատավորի ընդհատումներին, ասել է Հայրապետյանը։
Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը միջնորդել են, որ իրենց պաշտպանյալներին բերեն նիստերի դահլիճ: Դատարանը նշել է, որ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա է կիրառվել դատական կարգը խանգարելու համար և, եթե փաստաբանները երաշխավորում են, որ պաշտպանյալների կողմից դատական կարգի խախտում չի լինի, ապա միջնորդությունը ենթակա է բավարարման: Տիգրան Հայրապետյանը նշել է, որ դատավորը դեռ այն ժամանակ սանկցիա կիրառելու փոխարեն պետք է նախազգուշացում տար։
Այդ պահին նիստն ընդհատվել է, քանի որ ներկաներից մեկի ինքանզգացողությունը վատացել է։
Նիստը վերսկսելուց հետո դատարանի դահլիճ է բերվել ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, ավելի ուշ նաև՝ Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը։ Սակայն այս անգամ էլ դատավորի ներս մտնելու ժամանակ ամբաստանյալները ոտքի չեն կանգնել, և Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը և Հրայր Թոփչյանը դատական նիստերի դահլիճից հեռացվել են 10 ժամով: Դատական սանկցիաներ են կիրառվել նաև նրանց շահերի պաշտպանների նկատմամբ: Դատարանի դահլիճում մնացել են միայն ամբաստանյալներ Հովհաննես Պետրոսյանն և Սասունիկ Կիրակոսյանը և նրանց շահերի պաշտպաններ` Արսեն Մկրտչյանն ու Կարեն Հակոբյանը:
Նշենք, որ Սաֆարյանի և մյուսների նկատմամբ դատարանի շենքում խոշտանգումների ահազանգով ժամանած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները խախտումներ չեն հայտնաբերել․ «Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել»:
Իր հերթին, դատարանում ներկա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գևորգ Սաֆարյանի մորը վստահեցրել է, որ որդուն ոչ ոք մատով չի կպել. «Սաֆարյանն ինքն է հայտնել, որ իր նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործադրել»։
Մեզ հետ զրույցում Կարապետյանցն, այնուամենայնիվ, հավելել է․ «Տղաներն այդպիսի հատկություն ունեն․ եթե շատ մեծ բռնություն չի լինում, փորձում են չբարձրաձայնել, քանի որ դրանց էական նշանակություն չեն տալիս, իրենց պայքարը շարունակում են»։