Գլխավոր / Դատարան / Դատ առանց ամբաստանյալների․ «Սասնա ծռերի» գործով դատավորը հասավ իր նպատակին

Դատ առանց ամբաստանյալների․ «Սասնա ծռերի» գործով դատավորը հասավ իր նպատակին

«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջապես հասավ նրան, որ դատական նիստերն անցնում են առանց 18 ամբաստանյալների։ Նրանց բոլորի նկատմամբ էլ դատավորը սանկցիա է կիրառել և հեռացրել դահլիճից։ Դատական սանկցիա է կիրառվել նաև նրանց պաշտպաններից 7֊ի նկատմամբ։ Մյուս պաշտպանները սպասում են իրենց հերթին։

Դահլիճն ամբաստանյալներից վերջնականապես ազատելուց հետո Գաբրելիյանի պահանջով նրանք դատարանի խցերից հերթով կրկին բերվում էին դահլիճ, ճշտում էր նրանց ինքնությունը, ապա գործում ներգրավվում էին նրանց պաշտպանները և ամբաստանյալները կրկին հետ էին տարվում։

Ավելի վաղ՝ ընդմիջման ժամանակ, լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ դատավարություն որպես այդպիսին չի ընթանում․ «Ամեն ինչ արվում է, որ դատավարությունն ընթանա ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ։ Կամ այն պաշտպանների ներգրավմամբ, որոնք լռելյայն ընդունելու են դատարանի և մեղադրողների ցանկացած գործելաոճը»։

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ինքնակամ լքել էին դատարանի դահլիճը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալները չեն լիազորել պաշտպանություն անել իրենց բացակայության պայմաններում։ Դատարանից հեռանալու իրենց ցանկության մասին էին հայտնել նաև ամբաստանյալներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը։ Նրանք 15 ընկերները դատարանի դահլիճից հեռացվել էին նախորդ նիստին։ Երբ դատավորն Արամ Մանուկյանին դիմել էր՝ խնդրելով ներկայանալ, Մանուկյանը հրաժարվել էր։

«Դուրս ենք գալիս դատարանից այնքան ժամանակ, մինչև մեր ընկերներին չեն բերի դատարանի դահլիճ», -ասել էր Մաուկյանը՝ նկատի ունենալով մյուս 15 ամբաստանյալներին։

Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նաև մերժել է փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Այսօրվա դատական նիստի մանրամասները՝ այստեղ։