Դատական նիստն ընդմիջվել է 6 անգամ, փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ սանկցիաներ են կիրառվել, դատական նիստերի դահլիճում անթույլատրելի մեծ թվով ոստիկաններ են եղել, դահլիճում չի ապահովվել թափանցիկությունը․ այսօր՝ հուլիսի 3-ին, նման մթնոլորտում է անցել «Սասնա ծռեր» խմբի գործով 32 մեղադրյալներից 18-ի մասով առաջին դատական նիստը։ Մյուս 14 մեղադրյալների նիստերն արդեն անցկացվել են երկու անգամ և այսօրվա նիստից շատ չեն տարբերվել։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործը քննվում է արտագնա՝ Ավան և Նոր-Նորք համայնքների դատարանում։ Ըստ Դատական դեպարտամենտի, պատճառն ամբաստանյալների մեծ թիվն է, իսկ Էրեբունիում մեծ դահլիճ չկա։ Հատուկ այս նիստի համար դահլիճն ապակեպատ են դարձրել։ Դրա պատճառով նիստին ներկա լրագրողների և խմբի անդամների հարազատների համար գրեթե ոչինչ լսելի չէ։ Թե ինչ է կատարվում ապակուց այն կողմ՝ նիստերի դահլիճում, լրագրողները հաճախ ստիպված են կռահել, ապա այդ մասին տեղեկանալ ընդմիջման դուրս եկած փաստաբաններից։
Մոտ 6 ժամ տևած դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրելյանը գրեթե ամբողջությամբ «անցկացրել է» խորհրդակցական սենյակում՝ այս կամ այն փաստաբանի և ամբաստանյալների նկատմամբ սանկցիաներ կիրառելու որոշումներ կայացնելով։
Ինչպես և «Սասնա ծռերի» գործով նախորդ նիստերին, այսօր էլ փաստաբանները հայտարարել են, որ իրենց գործընկերների մի մասը չի կարողացել մտնել նիստերի դահլիճ։ Դատական կարգադրիչները կամայական կերպով պաշտպանների մի մասի պայուսակներն առանց ստուգելու ներս էին թողել, իսկ մի քանիսին՝ Մուշեղ Շուշանյանին, Մոնիկա Մարգարյանին և Ինեսսա Պետրոսյանին, փորձել էին խուզարկել։ Փաստաբանները թույլ չէի տվել, հետևաբար չէին կարողացել մտել։
Նիստի առաջին իսկ րոպեին դատավորը «փաստաբանների ներկայությունը ապահովելու համար» այն հետաձգել է, իսկ վերսկսելուց հետո դատական սանկցիա է կիրառել Մոնիկա Մարգարյանի նկատմամբ՝ պատճառաբանելով, թե նիստին անհարգալից կերպով բացակայել է։ Դատարանի այդ որոշումից հետո՝ ընդմիջման ժամանակ, մյուս փաստաբանները որոշել են առհասարակ չմտնել նիստերի դահլիճ՝ դրանով իրենց բողոքը արտահայտելով։
Նրանց խոսքով՝ իրենց մասնակցությունը զուտ ձևական բնույթ է կրում, քանի որ, ինչպես, օրինակ, Մարգարյանի դեպքում, հնարավորություն չեն տալիս հայտարարությամբ հանդես գալ, ինչը պաշտպանական իրավունքի խախտում է։ Բացի դա, փաստաբանները նշել են, որ նիստը առհասարակ չէր կարող սկսվել, որովհետև 4 ամբաստանյալ չունեին պաշտպաններ և նման պայմաններում նիստն արդեն իսկ օրինական չէր։
Ի վերջո, փաստաբանները որոշել են ներս մտնել և դատարանին իրենց դժգոհությունը հայտնել, սակայն այս անգամ էլ դատավորը թույլ չի տվել նրանց խոսել՝ հավաստիացնելով, որ ճառերի փուլում թույլ կտա արտահայտվել։ Հերթական ընդմիջումից հետո փաստաբանները ստիպված են եղել գրավոր դիմում հանձնել դատավորին՝ նիստը հետաձգելու խնդրանքով։ Դիմումում նրանք, մասնավորապես, ընդգծել են, որ որոշ ամբաստանյալների պաշտպանների ներկայությունն ապահովված չէ։ Դիմումը հանձնելուց հետո 3 փաստաբաններ՝ Նինա Կարապետյանցը, Դավիթ Գյուրջյանը և Արայիկ Պապիկյանը, որոշել են հեռանալ դատարանից՝ դատավորի վերաբերմունքից վրդովված։
Կրկին անգամ նիստը վերսկսելուց հետո դատավորը, ըստ էության, չի անդրադարձել դիմումին․ նա նորից գնացել է խորհրդակցական սենյակ և բացակա 3 փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա է կիրառել։ Գաբրիելյանը որոշել է, որ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և նրանց մասով դիմել է Փաստաբանների պալատին` պատասխանատվության ենթարկելու համար։
Ուշագրավ է, սակայն, որ հերթական ընդմիջումից հետո դատական նիստերի դահլիճից «անհետացան» 4 դատախազներից 2-ը։ Սակայն դրան դատավորը չի անդրադարձել, ապա ավելի ուշ, պատասխանելով նրանց բացակայության մասին պաշտպանների հարցին, ասել է․ «Նրանք ինձ զգուշացրել էին»։
Ընդմիջումներից մեկի ժամանակ փաստաբան Գրիշա Բալասանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօրվա նիստում դատավորն իրենց՝ պաշտպանների և դատախազների նկատմամբ կամայական մոտեցում է ցուցաբերում․ «Դատավորն այսօր եկել է միայն փաստաբանների նկատմամբ կատարելու իր սուրբ պարտականությունը՝ սանկցիաներ կիրառելը։ Այլ որոշում դատարանը չի կայացրել… Մենք մասնակցում ենք ներկայացման։ Մենք այստեղ եկել ենք իրավաբանություն անելու, ոչ թե անվճար ներկայացման մասնակից դառնալու։ Դատախազներն անարգել կարողանում են մուտք ու ելք անել, իսկ մենք ստիպված միջնորդություններ ենք գրում։ Դատարանը գալիս է՝ դե, պաշտպանները ովքեր են, կարևորը դատախազն է, նիստը կարող է շարունակվել»։
Նիստի ընթացքում դատավորը բացատրել էր, որ կարող է անցկացնել այն առանց փաստաբանների, քանի որ «նախապատրաստական փուլում կարևոր չէ պաշտպանների ներկայությունը»։ Բալասանյանն անդրադարձել է նաև Գաբրիելյանի այդ հայտարարությանը․ «Դատավորը չգրված օրենքով ասում է, որ փաստաբանների ներկայությունը պարտադիր չէ։ Դա ծիծաղելի է։ Դատարանը ոտքերը մաքրում է օրենքով»։
Նիստի ընթացքում ևս մեկ խնդիր է եղել․ ամբաստանյալների ոտքի չկանգնելը դատավորի մուտքի ժամանակ։ Այդ առիթով Գաբրիելյանը սանկցիա է կիրառել և վեց ժամով դահլիճից հեռացրել է խմբի 18 անդամներից 15-ին: Դատարանը սանկցիա չի կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի և Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն և կանգնել չեն կարող:
«Դատավորը նպատակաուղղված դուրս է գալիս, որ ներս մտնելուց կրկին սանկցիա կիրառի, քանի որ գիտի, որ այդ մարդիկ (ամբաստանյալները-խմբ․) չեն կանգնելու և ավելի խիստ սանկցիա կիրառելու հիմք ստեղծի մյուս անգամվա համար», ֊ դատավորի գործելաոճը մեկնաբանել է փաստաբան Դավիթ Գյուրջյանը։
Նշենք, որ դատարանին հարող փողոցում մեծ թվով ոստիկանական մեքենաներ էին կայանված։ Նիստերի դահլիճում կային մոտ 50 ոստիկաններ։ Մեզ հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու նման մեծ թվով իրավապահների ներկայությունն իրավաչափ չէ․ «Կառավարությունը 351֊N որոշում ունի, ըստ որի Ոստիկանությունը պետք է կալանավորված անձանց հասցնի դատարան։ Ընդ որում՝ այնտեղ նշված է, որ ամենաշատ 12 ոստիկան կարող է մասնակցել։ Իսկ դատական նիստերի դահլիճում այսօր շատ մեծ թվով ոստիկաններ էին։ Այսօր այդքան ոստիկանների ներկայությունը դահլիճում անօրինական է։ Ո՞վ է թույլատրել դա․ եթե ոստիկանապետի հրամանով են այնտեղ եկել, նշանակում է՝ դատարանի դահլիճում ավելի մեծ իրավասություն ունի վարչական մարմինը՝ ոստիկանությունը, քան դատարանը։ Եթե դատարանն ինքն է թույլ տվել, պետք է ասի, ինչից է ինքը վախենում։ Դատավորը պետք է կարողանա ասել, որ ինքը երկյուղ ունի ու խնդրել է ոստիկանների ներկայություն։ Այդպիսի բան, սակայն, դատավորը չի հայտարարել»։
Անդրադառնալով այդ հարցին՝ մեզ հետ զրույցում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշել է, որ ոստիկանների թվի հետ կապված ինքն արտառոց բան չի տեսնում՝ «նորմալ վիճակ է»։
Ծանոթություն․ «Սասնա ծռեր» խմբի գործի երկրորդ մասով անցնում է 18 մարդ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: