«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ժամանակ ոստիկանները սկսել են քաշքշել Արեգ Կյուրեղյանին այն բանից հետո, երբ վերջինս փորձել է գրություն փոխանցել իր փաստաբանին՝ Արա Ղարագյոզյանին։ Ինչպես այսօր նիստից հետո լրագրողներին ասել է Ղարագյոզյանը, ոստիկանների զայրանալը տեղին չէր, քանի որ ամբաստանյալն իրավունք ունի իր փաստաբանի հետ գրություններով փոխանակվել։
«Նա խլեց թուղթը, իսկ հետո Արեգին և Սմբատ Բարսեղյանին ուժի գործադրումով տարան, Արեգ Կյուրեղյանին քցեցին հատակին, հետո ներսից ձայներ էին գալիս, այնուհետև դուռը փակեցին։ Այն ոստիկանը, որը ղեկավարում էր, ձեռքը պարբերաբար խփում էր սեղանին։ Ի՞նչ իրավունք ուներ նման վերաբերմունք դրսևորել»,֊ ասել է Ղարագյոզյանը։
Այսօրվա նիստին «Սասնա ծռերի» բազմաթիվ հարազատներ ու ընկերներ չեն կարողացել մասնակցել, քանի որ նրանց կարգադրիչները չեն թողել մտնել դատարան։ Դրսում մնացած աջակիցները նաև ասել են, որ կարգադրիչները իրենց սպառնացել են՝ «հաջորդը դուք եք լինելու»։
Նրանց․ ում հաջողվել էր մտնել նիստերի դահլիճ, դժգոհում էին, որ բացարձակապես հասկանալի չէ՝ ինչ են «Սասնա ծռերի» անդամները խոսում, քանի որ նրանց առջև պատուհանապատ պատ է տեղադրված, իսկ մեղադրյալների մոտ, ի տարբերություն դատավորի, բարձրախոսներ չկան։ Նշենք, որ նիստի ընթացքում ոստիկանները պատ են կազմել ապակիների դեմ, ինչը հարազատները համարում են դիտավորություն, որպեսզի իրենք չկարողանան նույնիսկ տեսնել իրենց բարեկամներին։
Տեսանյութը՝ armtimes.com