Հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է նրա ծառայակիցներից մեկը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ փաստական տվյալներ կան, որ հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից բռնություն է կիրառվել:
Մահացածի ծառայակիցը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը):
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):