Այս տարվա փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Ջեբրայիլի դիրքերում իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորումից մահացած Լեռնիկ Օսյանին սպանելու մեջ կասկածվում է նրա համածառայակիցը։ Վերջինս և զինվորների վերադասը մոտ 1,5 ամիս առաջ ձերբակալվել են։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Օսյանի մայրը՝ Սուսաննա Օսյանը։
«Էդ տղեն վիզ չի վերցնում, բայց դե սպանություն է եղել», – պատմել է մահացածի մայրը։ Վերջինս չգիտի, սակայն, ձերբակալվածի անունը։
Մոր տեղեկություններով՝ սպանության նախորդ օրվա՝ փետրվարի 17-ի գիշերը, ինչ-որ վիճաբանություն է եղել։ Սակայն վեճի մանրամասների մասին կինը նույնպես տեղեկացված չէ։ Նրա հավաստմամբ՝ որդին ծառայելու ժամանակ ոչ մի խնդիր չի ունեցել․ «Երբ զանգում էր, ասում էր, մա՛մ, ամեն ինչ նորմալ է, ինձ նեղող չկա»։
Տուժող կողմը փաստաբան չունի, նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ ստանում է քննիչից։ Վերջինս մորն ասել է, որ ձերբակալվել է նաև որդու վերադասը, որը դեպքի օրը զինվորներին թողել, գնացել է քնելու։
Սուսաննա Օսյանի խոսքով՝ Թումանյան համայնքի զինկոմիսարիատի աշխատողները նախապես իրեն ասել էին, որ Լեռնիկի զենքը կրակել է մաքրելու ժամանակ։
«Ով է տեսել գիշերը զենք մաքրեն», -այդ վարկածին ի սկզբանե չի հավատացել մայրը։
Նշենք, որ դեպքից հետո Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այն տեղի է ունեցել «դեռևս չպարզված հանգամանքներում»:
Լոռու մարզի Օձուն գյուղի բնակչուհի Սուսաննա Օսյանը միայնակ ապրում է իրենց կիսաքանդ տան նկուղում՝ ֆինանսապես ծանր պայմաններում՝ 30 հազար թոշակով։ Լեռնիկը կնոջ միակ զավակն էր։
Լուսանկարը՝ hetq.am-ի