հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Դատախազությունը չի ուզում քննել Սյունիքի մարզպետին վերաբերող հաղորդումը. Իրավապաշտպանները քննադատում են

Դատախազությունը չի ուզում քննել Սյունիքի մարզպետին վերաբերող հաղորդումը. Իրավապաշտպանները քննադատում են

Իրավապահ մարմինները հրաժարվում են բնապահպան Արթուր Գրիգորյանի դիմումին պատշաճ ընթացք տալ: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ ահազանգել է Հյուման Ռայթս Հաուս իրավապաշտպան ցանցը (ՀՌՀ Երևան):

Գրիգորյանը հուլիսի վերջին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մասնավորապես, խնդրելով պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչությունը հասարակական կազմակերպությունների և անհատ անձանց դեմ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման և տարածման հետ: Դատախազությունը հրաժարվել է գործի քննությունից:

Ինչպես նշված է իրավապաշտպան ցանցի հայտարարության մեջ, հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացվել էին փաստեր, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերի հասնող կոռուպցիոն ռիսկեր: Հնարավոր կոռուպցիոն գործընթացներում պետական պաշտոնյաների հանցակից կարող են լինել նաև բիզնեսի ներկայացուցիչներ և հասարակական գործունեությամբ զբաղվելու հայտ ներկայացրած անձինք:

«Հաղորդման մեջ Գրիգորյանը նշում է, որ 2016թ. նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակով փորձ է արվել վարկաբեկել «Էկոլուր» և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպան Ինգա Զառաֆյանին և իրեն: Նա ենթադրում է, որ դա կապված է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում գործող Բազմաշահառու խմբում իր և Զառաֆյանի բնապահպանական գործունեության հետ: Նրանք այդ խմբում ընտրված անդամներ են իբրև  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: ԱՃԹՆ-ը միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնություն է, որտեղ հավասար ձայնի իրավունքով ներգրավված են կառավարության, հանքարդյունաբերական ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ոլորտին առնչվող խնդիրները համատեղ լուծելու նպատակով: Խմբի անդամ է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, ում անունը շրջանառվում է ֆինանսական շահարկումների մասին հոլովակում:

Սյունիքի գործող մարզպետ Հակոբյանը մինչև մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն և նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մանավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնդրամին:

Ըստ այդմ, Գրիգորյանը գտնում է, որ ֆեյսբուքյան անանուն վարկաբեկման փորձը կարող է կազմկերպված և ֆինանսավորված լինել մարզպետ Հակոբյանի կողմից և իրականացված լինել վերջինիս հետ հնարավոր փոխկապակցված սուբյեկտների միջոցով: Հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված են փաստեր այս գործընթացի տարբեր բաղադրիչներին «Հասարակության ձայն» (Civil Vioce) և «Հանրային դիվանագիտություն» (Paradiplomacy) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առնչության վերաբերյալ:

Բնապահպաններ Արթուր Գրիգորյանը և Ինգա Զառաֆյանը ֆեյսբուքյան փակ խմբում անհայտ անձանց կողմից իրենց վարկաբեկող անիմացիոն հոլովակի հրապարակումից հետո մեկ անգամ արդեն դիմել են ոստիկանություն՝ խնդրելով բացահայտել հոլովակի ստեղծողներին և պատվիրատուներին, սակայն ոստիկանությունից ստացել են մերժում այնհիմնավորմամբ, թե դա ոստիկանության գործը չէ: Իսկ այժմ  արդեն դատախազությունն է հրաժարվել գործի քննությունից՝ չնայած փաստական ծանրակշիռ փաթեթին և գործի հանրային նշանակությանը։

Հաշվի առնելով հաղորդման մեջ նկարագրված երևույթների հանրային կարևորությունը իրավապաշտպանների և հանրային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների պաշտպանության հարցում՝ Հյուման Ռայթս Հաուս Երևանը քննադատում է իրավապահ մարմինների ձեռնպահ վերաբերմունքը և փաստացի հրաժարումը ուսումնասիրել Գրիգորյանի հաղորդմամբ ներկայացված բոլոր փաստերը և դրվագները, իրականացնել գործի լիարժեք և օբյեկտիվ քննություն։

ՀՌՀ Երևանը գտնում է, որ իրավապահ մարմինները պարտավոր են գործի քննությունն իրականացնել պատշաճ կերպով, հանրությանը տեղյակ պահել բնապահպանների և հանրային շահերին առնչվող այս գործի բոլոր հնարավոր մանրամասները և ապահովել բնապահպանների աշխատանքի պաշտպանվածությունը պետական և բիզնես կառույցների հնարավոր ստվերիային միջամտություններից», – ասված է հայտրարարության մեջ։