Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում օգոստոսի սկզբին բացված «բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը փակվել է Մշակույթի նախարարության հրահանգով։
Ցուցահանդեսի փակման մասին բարձրաձայնել է թանգարանի նախագահ Նարինե Թուխիկյանը՝ նշելով, որ ցուցահանդեսի փակվելու պատճառը ինչ֊որ զրպատրությունն է եղել. Իրեն մեղադրել են Սորոսի հիմնադրամից գումար ստանալու, «արվամոլների պրոպագանդիստ» և «դաշնակցական» լինելու մեջ։
«Հայելու առաջ» հաղորդման ժամանակ Թուխիկյանը կարծիք է հայտնել, որ զրպարտությունը եղել է «շրջանակներից, որտեղ բացառված չեն կոմունիստական կամ հին, կարծրատիպային սերնդի ներկայացուցիչներ»։ «Եվ որպեսզի գործը գլուխ գա, դիմել են երևի որոշակի կառույցների՝ շանտաժի միջոցով, ես ենթադրում եմ»։
Նա պատմել է նաև, որ իրեն օգոստոսի 26-ին զանգահարել է մի մարդ, ով իր հետ խոսել է «նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը կխոսեր» և մեղադրել, որ ցուցահանդեսից «դաշնակցականի հոտ է գալիս»։ «Ասաց՝ ես քեզ լավ եմ ճանաչում, դու Սորոսի հիմնադրամից փող ես ստանում և ասաց՝ դու արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց էս մարդը», – ասել է Թուխիկյանը։
Ըստ նրա, Թումանյանի տուն֊թանգարանը չէր կարող չնշել ստալինյան ռեպրեսիաների գագաթնակետը խորհրդանշող 1937 թվականի 80֊ամյակը և Բոլշեվիկյան հեղափոխության 100֊ամյակը, քանի որ Թումանյանի երեք որդիները եղել են այդ ստալինյան բռնաճնշումների զոհեր, իսկ չորրորդ որդին՝ օսմանյան բռնապետության զոհ է դարձել։ Պատմելով ցուցահանդեսի բովանդակությունից՝ թանգարանի տնօրենն ասել է, որ ցուցադրությունում եղել է նաև լյուստրացիայի կոչ անող ցուցանմուշ, ինչպես նաև աշխատանք Անաստաս Միկոյանի մասին, որը «Ստալինին խնդրում էր ևս 700 հոգու գնդակահարել»։
Մշակույթի նախարարությունից «Խավարում» ցուցահանդեսը փակելու որոշումը նախ «Ազատության»֊ը տված հարցազրույցում մեկնաբանել է փոխնախարար Արև Սամուելյանը․ «Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք՝ այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»։
Factor.am֊ի հետ զրույցում նախարար Արմեն Ամիրյանն էլ ասել է, որ ցուցադրությունը փակվել է, քանի որ Թումանյանի թանգարանը նախարարության հետ նախապես չէր համաձայնեցրել իր ցուցադրությունը։
Epress.am Լուրեր Հայաստանից