ՀՀ ՊՆ ներկայացրած նոր օրինագծով` անվճար սովորելու համար այլևս տարկետում չի տրվի։ Այս մասին գրում է Razm.info.am-ը։
«Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կկնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով», ֊ գրում է աղբյուրը։
Այսպիսով, տարկետման հնարավորություն կունենան միայն «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներ, որոնք բուհերի այն ուսանողներն են, ովքեր դիմում են ուսմանը զուգահեռ սպայական դասեր անցնելու համար և պարտավորվում համալրել ՀՀ ԶՈւ շարքերը՝ 3 տարի ծառայության ժամկետով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ սովորելով բուհում՝ ծրագրում ընդգրկվածները երկու տարի յուրաքանչյուր շաբաթ օր ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց։ Դիպլոմի հետ մեկտեղ ուսանողը ստանում է լեյտենանտի կոչում ու ամսական առնվազն 260 հազար դրամ աշխատավարձով ծառայության անցնում սահմանագծում։