Home / Բանտ / 10 օր խոշտանգված զինվորի գործն անաչառ չի քննվել. ՄԻԵԴ-ի վճիռը ՀՀ-ի դեմ

10 օր խոշտանգված զինվորի գործն անաչառ չի քննվել. ՄԻԵԴ-ի վճիռը ՀՀ-ի դեմ

Սյունիքի զորամասերից մեկում 2006 թվականին ծառայակցին՝ Աղվան Հարությունյանին սպանելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարված Ալիկ Մաթևոսյանի բողոքները՝ թե  ռազմական ոստիկանությունում իրեն  10 օր շարունակ խոշտանգել են մեղքն ընդունել ստիպելու համար, անկախ քննության չեն ենթարկվել։ Այս մասին այսօր վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ ճանաչելով, որ խախտվել է Մաթևոսյանի խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդված):

Միջազգային դատարանը գրում է, որ  Հայաստանի դատախազությունն իրեն ուղղված խոշտանգումների մասին հաղորդումը ուղարկել է քննության Ռազմական դատախազություն, որը, փաստորեն, պետք է քններ քրեական գործ իր իսկ դեմ։ Ավելին՝ խոշտանգումների մասին հաղորդումով սկսել էր զբաղվել նույն քննիչը, որը զբաղվում էր զինծառայողի սպանության գործով, ուստի եթե ապացուցվեր խոշտանգման փաստը, դա կազդեր նաև սպանության գործի ապացույցների վրա։ «Այսպիսի քննությունը Դատարանը չի կարող համարել անկախ», – գրում է ՄԻԵԴ-ը:

Այսպես՝ քննիչը որոշել է  քրեական պատասխանատվության չկանչել ռազմական ոստիկաններին, ում Մաթևոսյանը մատնանշում էր որպես խոշտանգումը կատարած անձանց։ «Հարկ է նշել, որ քննիչի որոշումը եղել է  ընդհանրական եզրակացություններով հիմնավորված և անտրամաբանական», – ասված է  ՄԻԵԴ-ի վճռում։

Մեջբերված է նաև Մաթևոսյանի՝ հանցագործության մասին հաղորդումը․  «Ես անօրինաբար պահվում էի մեկուսացված խցում։ Ամեն օր ինձ տանում էին մի սենյակ և ծեծելով ու սպառնալիքներով՝ փորձում ինձանից կորզել իրենց ուզած ցուցմունքը։ Մայիսի 17-ի կամ 18-ի գիշերը քննիչը եկավ ու ասաց, որ իմ ընկերուհին կողքի սենյակում է, եթե ես իրանց ուզած ցուցմունքը չտամ, վատ կլինի նրա համար։ Հետո ասացին, որ վատ բաներ կպատահի իմ 17-տարեկան քրոջը։ Օպերատիվ հետախուզության բաժնի պետը՝ (Մ․ Ղ․) և նրա տեղակալը (Ա․ Մար․) ևս մասնակցում էին ծեծին։ Մի անգամ, երբ ոստիկանը ինձ ծեծում էր, մյուսը ինձ հեռախոսով նկարում էր և ցույց տալիս իր գործընկերներին այդ տեսանյութը և հետո ինձ նվաստացնում էին։ Ինձ այն վիճակի հասցրեին, որ ասացի, որ ուզում եմ մեռնել։ Միանգամից մի  դատարկ թուղթ դրեցին դիմացս, գրիչ տվեցին, և ասացին, որ եթե ես  ուզում եմ ինքնասպան լինել, ինձ կօգնեն դա անել»։

Բարոյական վնասի դիմաց Մաթևոսյանը պահանջել է 26 հազար եվրո փոխհատուցում։  ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող Գևորգ Կոստանյանն ասել է, որ այդ գումարը «հիպոթեզային է»։

Եվրոպական դատարանը պարտադրել է ՀՀ կառավարությանը Մաթևոսյանին վճարել ընդամենը 6 հազար եվրո։

Tekali Taxi