Home / ԼԳԲՏ+ / Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռը ուղերձ է բոլոր պետությունների համար․ փաստաբան

Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռը ուղերձ է բոլոր պետությունների համար․ փաստաբան

ՄԻԵԴ-ի մեկ վճիռը որևէ պետության դեմ պետք է հասկանալ որպես մեսիջ, նորմ կամ սկզբունք բոլոր պետությունների համար։ Այս մասին Լgbtnews.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արայիկ Ղազարյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 20-ին կայացրած որոշումը, որով բավարարվել էր ՌԴ քաղաքացի Նիկոլայ Բաևի և այլոց հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։

2009 թվականի մարտին Բաևը մանկական խնամքի հաստատությունների մոտ էր գնում «Նույնասեռականությունը նորմալ է» և «Ես հպարտանում եմ իմ նույնասեռականությամբ» պաստառներով։ Երկու դատական ատյանները մեղավոր են ճանաչել նրան նույնասեռականության պրոպագանդայի մասին մարզային օրենքի համաձայն և տուգանել, ինչից հետո նա բողոք է ուղարկել Եվրադատարան։

Ղազարյանը բացատրել է, թե ինչպես ընդդեմ Ռուսաստանի այս վճիռը կարող է անդրադառնալ ՄԻԵԴ իրավազոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

«Կոնվենցիան կոլեկտիվ պայմանագիր է, կոլեկտիվ կիրառություն ունեցող, այսինքն՝ ՄԻԵԴ-ի մեկ վճիռը որևէ պետության դեմ պետք է հասկանալ որպես մեսիջ, նորմ կամ սկզբունք բոլոր պետությունների համար: Այսինքն՝ կարևոր չէ, որ այդ վճիռը Ռուսաստանի դեմ է. դրանով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է մեկնաբանվում և ասվում է, թե ինչպես պետք է այն կիրառել: Այսինքն՝ եթե ՄԻԵԴ-ն ասել է, որ օրենքն անիրավաչափ է, մարդու իրավունքների դեմ է, նշանակում է՝ դա սկզբունք է, նորմ է բոլոր պետությունների համար: Մենք Հայաստանում, օրինակ, «նույնասեռականության պրոպագանդայի» դեմ օրենք չունենք, բայց փոխարենը դրա պրակտիկա ունենք: ՄԻԵԴ-ն այդքան տարբերակում չի դնում օրենքի ու պրակտիկայի միջև այնքանով, որքանով պրակտիկան նորմատիվ բնույթ է կրում, սկզբունք է դարձել», – ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ վճիռը նշանակում է, որ նման օրենքներ չպետք է ընդունվեն, իսկ եթե ընդունվել են՝ պիտի վերանայվեն, և երրորդ՝ պրակտիկան պետք է կիրառվի այնպես, որպեսզի չհակասի ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված դիրքորոշումներին, այսինքն, ըստ Ղազարյանի, պաշտպանությունը մեկ աստիճանով բարձրանում է:

Tekali Taxi