Home / Բանտ / «Սասնա ծռերի» ծեծի գործը գնում է կարճման, մեղադրյալներ «չեն հայտնաբերվել»

«Սասնա ծռերի» ծեծի գործը գնում է կարճման, մեղադրյալներ «չեն հայտնաբերվել»

«Սասնա ծռեր» խմբի 4 անդամներին դատարանի նկուղում ծեծելու քրեական գործն ի վերջո կկարճվի, և շատ շուտով։ Նման կարծիք է հայտնել խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Epress.am-ի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ նման եզրակացության համար հիմք է տալիս այն, որ դեպքից անցել է մոտ 3 ամիս, և ոչ մի ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

«Թեև հենց նույն օրը քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածքներն արձանագրվել էին։ Դա բավարար էր, որպեսզի նախաքննող մարմինը պարզեր ծեծին մասնակցած անձանց շրջանակը։ Բացի դա, ուղեկցող ստորաբաժանման ղեկավարը բժշկական զեկուցագրում ընդունել է, որ բռնություն են կիրառել, ուղղակի նա դա արդարացնում է մեր պաշտպանյալների վարքագծով», ֊ ասել է Շուշանյանը։

Արեգ Կյուրեղյանն ի սկզբանե հրաժարվել էր որևէ քննչական գործողությունների մասնակցելուց, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։

«Նա չի վստահում [քննությանը] և պատրանք չուներ ի սկզբանե, որ ծեծի համար որևէ մեկը կպատժվի»,֊ նշել է փաստաբանը։

«Սասնա ծռերի» 4 անդամներից մյուսի՝ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանն Epress.am֊ին ասել է, որ քննիչը երկրորդ դատաբժշկական փորձաքննությունն անելու որոշում է կայացրել։

«Առաջին փորձաքննությունով Եղիազարյանի մոտ չէին հայտնաբերվել թեթև վնասվածքներ այն պարզ պատճառով, որ փորձաքննությունն անցկացվել էր ծեծից մոտ մեկ ամիս անց», ֊ ասել է Հակոբյանը։

«Սասնա ծռերի» դաժան ծեծը տեղի է ունեցել հունիսի 28-ի նիստի ընթացքում՝ Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում։ Ինչպես հաջորդ օրը լրագրողներին պատմել է փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ Արայիկ Խանդոյանի հետ հանդիպումից հետո, վերջինիս ծեծել են 15 հոգի, և քանի որ սենյակը փոքր էր՝ հերթով։

«Սասնա ծռերի» պաշտպանները պահանջել էին դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկը, քանի որ չի կարողացել ապահովել ամբաստանյալների անվտանգությունը դատարանում։

Tekali Taxi