14 տարի ազատազրկման դատապարտված Վարդենիսի բնակիչ Նարինե Նալբանդյանն օգոստոսի 8-ին դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Նալբանդյանի դուստրը՝ Արևիկ Նալբանդյանը։
Պատիժը կրելու ավարտին մնացել էր մոտ 6 ամիս, սակայն հերթական դատական նիստի ժամանակ դատավորը որոշել է նրան ազատ արձակել։ Մեզ հետ զրույցում Նալբանդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասել է, որ կալանքի միջոցը փոխվել է, այնուամենայնիվ, դատաքննությունը շարունակվում է։
Դատարանի նման որոշումը պաշտպանը կապել է և՛ իր դիմում-բողոքների հետ, և՛ ՄԻԵԴ-ի վճռի հետ։
«Երևի դատարանը գնահատել էր իրավիճակը, և Եվրոպական դատարանի վճռից հետո որոշել է ազատ արձակել նրան», -ասել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական մեղադրանքի՝ Նարինե Նալբանդյանը 2004 թվականին ամուսնու հետ սպանել էր իր դստեր համադասարանցու՝ Սյուզանա Սարգսյանին և նետել հորը։ Բագրատ Ներսիսյանը դատապարտվել էր 9 տարի ազատազրկման, իսկ Նարինե Նալբանդյանը՝ 14։ Ամուսինները չեն ընդունել իրենց մեղքը, ՄԻԵԴ֊ի վճռով արձանագրվել է, որ ցուցմունքները հարկադրաբար կորզելու ընթացքում ոստիկանները դիմել են խոշտանգումների։
Նարինե Նալբանդյանի գործի մասին մանրամասն` այստեղ