«Սասնա ծռերի» 2 գործերը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է ընտրել երկու գործերում ներգրավված ամբաստանյալներից 11֊ին, շարունակել գործը քննել նրանց մասով։ Մյուս 22 ամբաստանյալներին նա բաժանել է երկու խմբի և հանձնել 2 այլ դատավորների։ Գաբրիելյանի այսօր հրապարակած որոշումը դատաիրավական արդարացի որևէ բացատրություն չունի, կարծում են «Սասնա ծռերի» անդամների փաստաբանները։
«Մենք երբ ասում էինք՝ այս գործը ոչ թե դատաիրավական տրամաբանության շրջանակներում է քննվում, այլ քաղաքական, դա հիմա իրենց գործողություններով ապացուցում են», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է
Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղասարյանը՝ նշելով, որ նման որոշումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։
Բաղդասարյանը կարծում է, որ գործը ոչ թե պետք է բաժանվեր մասերի, այլ մի վարույթում քննվեր՝ Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ միասին։
3 առանձին գործերը, ըստ փաստաբանի, կարող են անհարմահրություններ ստեղծել, մասնավորապես, վկաների հարցաքննության փուլում․ բոլոր երեք գործերով նույն վկաներն ու տուժողները պետք է 3 անգամ ցուցմունք տան, բացի դա, նրանք կարող են ներկա լինել մի նիստին՝ ցուցմունք տալուց հետո, և մյուս նիստում ցուցմունք տան՝ այլ վկաներ ու տուժողների խոսքը լսելուց հետո։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը ևս մտահոգությունների ունի վկաների ցուցմունքների մասով։ Ըստ նրա՝ նման դեպքում կխախտվի արդար դատաքննության իրավունքը։
Ղարագյոզյանը Epress.am-ին ասել է, որ թեև դատավոր Գաբրիելյանը չի բացատրել ինչ սկզբունքով է ընտրել ամբաստանյալներին, որոնց կշարունակի քննել, ինքը կարծում է, որ տրամաբանություն կա։
«Իր մոտ թողել է այսպես ասած «խելոք» ամբաստանյալներին, ովքեր քաղաքական հայտարարություններ չեն անում նիստերի ընթացքում, որոնց մեծ մասամբ պաշտպանում են «խելոք» հանրային պաշտպանները։ Բայց ես, և մի քանի այլ պաշտպաններ դեռևս մնում ենք այդ 11 հոգու պաշտպանների մեջ, և վստահեցնում եմ, որ Գաբրիելյանի նիստերը հանգիստ չեն մնա», ֊ ասել է փաստաբանը։