Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով անցնող ամբաստանյալ, 22 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն այսօր բերվել է դատարան, բայց ի վիճակի չի եղել մասնակցել դատական նիստին, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրաժարվել է հետաձգել այն։ Դատավորը պատճառաբանել է, որ Պողոսյանը իր ոտքով գնացել է բժշկի սենյակ և հրաժարվել է բժշկական օգնությունից։ Այս մասին դատարանի դահլիճից փոխանցում է Hraparak.am֊ը։
Պողոսյանը տեղից բղավել է, թե դա սուտ է․ իրականում բժիշկն իրեն ասել է, որ իր հացադուլը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Դատարանն ընդմիջում է հայտարարել, իսկ դահլիճում Սեֆիլյանի և մյուսների աջակիցները աղաղակել են․ «Հիմա էլ Ներսեսին եք սպանում»։
Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նիստին հայտարարել է, որ հացադուլի 21֊րդ օրը՝ երեկ, Պողոսյանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար նրան տեղափոխել են պատժախուց։
«Երեկ նրան տեղափոխել են պատժախուց՝ իր մոտ իբրև թե «արգելված իր» լինելու պատճառով: Կից խուց բերել են անհասկանալի և անկառավարելի անձի, որը հայհոյանքներ և սպառնալիքներ է տեղացել Ներսես Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին»,֊ Aravot.am-ի փոխանցմամբ ասել է Պապիկյանը։
Ներսես Պողոսյանը հացադուլով բողոքում է դատարանի՝ իր նկատմամբ կալանքը վերացնելը մերժելու որոշման դեմ։
Պողոսյանն իր խնամքին ունի երեք մանկահասակ երեխա, հիվանդ մայր։ Նա, լինելով ընտանիքի միակ կերակրողը, ավելի քան մեկ տարի՝ գտնվում է անազատության մեջ։
Armtimes.com֊ի փոխանցմամբ՝ դահլիճից փորձել է հեռանալ Ժիրայր Սեֆիլյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում մասնկացել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը։ Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել Սեֆիլյանին հեռանալ։