Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն դեմ չէ, որ բանտեր պատգամավորների մուտքը որոշ դեպքերում արգելվի

ՀՀԿ֊ն դեմ չէ, որ բանտեր պատգամավորների մուտքը որոշ դեպքերում արգելվի

ՀՀԿ֊ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը խորհուրդ է տալիս պատգամավորներին ձերբակալված անձանց որպիսությունը իմանալու համար դիմել ՄԻՊ գրասենյակին՝ արդարացնելով այն, որ որոշ դեպքերում պատագամավորների մուտքը Քրեակատարողական հիմնարկներ արգելվելու է։

«Եթե քննիչի սահմանափակմամբ տեսակցություններից զրկված անձի եղունգները հանել են, մենք լուծում ունենք՝ ՄԻՊ֊ը որպես ազգային կանխարգելման մեխանիզմ։ Պատգամավորը, այո, միջնորդավորված մարդու իրավունքների պաշտպանություն կարող է իրականացնել․ տեսակցության արգելքի տակ գտնվող մարդկանց պաշտպանությունը կարող է ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանը»,֊ ասել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մախմուդյանը։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ևս նշել է, որ քննչի՝ տեսակցության արգելքի մասին որոշումը քննության գաղտնիության համար է արվում։

«Սա պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, ով ուզում է լինի, լինի պատգամավոր, թե նախարար։ Եթե կարծում եք, որ կա հակասահմանադրականության հարց, ապա հստակ ճանապարհներ գոյություն ունեն, կարող են այդ ճանապարհով շարժվել»,֊ ասել է Հրայր Թովմասյանը։

Պատգամավորներին ՔԿՀ֊ներ մուտքն արգելելու վերջերս տարածված պրակտիկան Ազգային ժողովում քննադատել է «Ելք» դաշինքի պատգմավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով՝ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներ, անարգել պետք է մտնեն բանտեր։

Փաշինյանը նշել է վերջին դեպքը, երբ իրեն «Արմավիր» ՔԿՀ֊ում արգելել են մտնել մի մասնաշենք՝ ասելով, որ այնտեղ կալանավոր կա, ում նկատմամբ քննիչը տեսակցությունները սահմանափակելու որոշում է կայացրել։

«Կինը զանգում է պատգամավորին և ասում է՝ ամուսինս բանտում է, և, կոպիտ օրինակ եմ բերում, եղունգները հանել են, կտտանքների են ենթարկել։ Պատգամավորը գնում է քրեակատարողական հիմնարկ, ասում է՝ ես եկել եմ ահազանգի հիման վրա, և ուզում են տեսել՝ էդ կալանավորի մատները տեղն են, թե չէ։ Քրեակատարողական հիմնարկն արգելում ա, ասում է՝ չէ, որովհետև քննիչն արգելել է տեսակցությունն այս կալանավորված անձի հետ։ Մենք տեսակցություն չենք ուզում, մենք ուզում ենք տեսնել՝ էդ մարդուն խոշտանգել են, թե չէ, էդ մարդու մատները կտրած է, թե չէ, էդ մարդը կենդանի է, թե չէ»,֊ ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ քննիչների տեսակցությունները արգելում են «Սասնա ծռեր» զինված խմբի գործով 32 ամբաստանյալների մեծ մասի պարագայում․ նրանցից մի քանիսին էլ թույլատրվում է տեսակցություն, բայց միայն հարազատների հետ։

Tekali Taxi