Գլխավոր / Ազգային ժողով / Գլխավոր դատախազը «նեղվեց»․ նրանից չպահանջեցին «արդարացի պատիժ ապահովել» «Սասնա ծռերի» համար

Գլխավոր դատախազը «նեղվեց»․ նրանից չպահանջեցին «արդարացի պատիժ ապահովել» «Սասնա ծռերի» համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «նեղվել է», քանի որ պատգամավորները նրանից չեն պահանջել պատժել «Սասնա ծռերի» անդամներին։

Այսօր Ազգային ժողովում պատգամավորները լսում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2016 թվականի հաշվետվությունը։ Քննարկումը սկսելուց առաջ ՀՀԿ֊ական պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հորդորեց պատգամավորներին ընկալել, որ Դատախազությունն անկախ մարմին է և նրա հաշվետվության քննարկումը ԱԺ֊ում նման չէ ուսանող֊դասախոս, ենթակա֊ղեկավար շփմանը։

«Սա անկախ կառույցի հաշվետվություն է։ Անձամբ եմ ծանոթ և՛ նախկին, և՛ ներկա գլխավոր դատախազներին, վստահեցնում եմ, որ չի լինելու հարց, որի պատասխանն այստեղ չհնչի»,֊ ասել է Հրայր Թովմասյանը։

Հարկ է նշել, որ ՀՀԿ֊ի՝ 2015-ին անցկացրած նոր Սահմանադրությամբ, ՀՀ գլխավոր դատախազն իրականում ենթակա է Ազգային ժողովին, ընտրվում է ԱԺ֊ի կողմից և պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ արվել (հոդված 177)։

Այսօրվա քննարկման ժամանակ պատգամավորները գլխավոր դատախազից դժգոհություններ են հայտնել դատախազների կողմից կալանքի համատարած կիրառման, քաղաքական հետապնդումների որոշ դեպքերի, և Մարտի 1֊ն արդեն 10 տարի չբացահայտելու վերաբերյալ։

Մասնավորապես, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որպես հաց բերող հայտնի Արթուր Սարգսյանի ապօրինի կալանքը, ի վերջո, հանգեցրել է նրա մահվանը։ «Իմանալով, որ մեռնելու ա, ազատել եք՝ «եկեք, ազատենք, թող գնա ազատության մեջ մեռնի»»,֊ ըստ Փաշինյանի՝ սա է եղել կալանքը ի վերջո փոխելու տրամաբանությունը։

Պատգամավորը նաև դժգոհել է, որ քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանի կալանքը չի փոխվում, թեև 9 պատգամավորներ երաշխավորել էին նրա համար։

«Դե ձեր ասածն էլ մեզ համար երաշխիք չի»,֊ ասել է Փաշինյանը։

Պատասխանելով հնչած քննադատություններին՝ Արթուր Դավթյանը նախ դրանք փորձել է արժեզրկել՝ ասելով, որ քննադատական ելույթներն «այլ մոտիվացիաներ ունեն»։

«Քաջ գիտակցելով այս բարձր հարթակում դիրքորոշումներ, գնահատականներ հնչեցնելու տարբեր, այդ թվում՝ այս խիստ մասնագիտական հարցի հետ երբեմն ընդհանուր ոչինչ չունեցող մոտիվացիաները, մենք հետևություններ կանենք իրապես սրտացավ և հոգատար մտահոգություններից»,֊ մասնավորապես, ասել է Դավթյանը։

Գլխավոր դատախազը նաև ասել է, որ կցանկանար լսել նաև պատգամավորների կոչը արդարացի պատժել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։

«Ես ողջունում եմ ԱԺ֊ում գլխավոր դատախազին ներկայացվող բարձրագոչ պահանջը՝ բացահայտել հանցագործ պաշտոնյային։ Բայց թույլ տվեք ափսոսանք հայտնել, որ նույն հնչերանգով ոչ ոք ինձնից չպահանջեց մեր երկրի համար բացառիկ հանցանք կատարած, շուրջ 15 օր երկրի անդորրը խաթարած զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել։ Ոչ ոք չպահանջեց ապահովել երեք բացարձակ անմեղ, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող ծառայության վայրում ոստիկաններին սպանողների պատիժը։ Դա ևս իմ պարտքն է»,֊ ասել է նա։