Home / Ազգային ժողով / Հարկայինի ղեկավարն արդարացնում է պաշտոնյաների բիզնեսները

Հարկայինի ղեկավարն արդարացնում է պաշտոնյաների բիզնեսները

Հարկային նոր օրենսգրքից բողոքող անհատ ձեռներեցները մանիպուլյացիաների միջոցով փորձում են հարկ չվճարել։ Այս մասին ԱԺ֊ում, լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։ Նշենք, որ այսօր ԱԺ֊ի մոտ բողոքի ակցիա են անցկացրել «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառների աշխատողները։

«Հարկեր վճարելու են բոլորը: Դուք ինքներդ (դիմում է լրագրողներին) պետք է կանգնեք մեր կողքին։ Ոչ թե քաջալերեք նրանց, ովքեր փորձում են միտինգներով խուսափել հարկերից, այլ բացատրեք, որ չի կարելի հարկ չվճարել», ֊ ասել է ՊԵԿ ղեկավարը։

Նա հայտարարել է, որ փոքր/միջին բիզնեսներն ուղղակի չեն ուզում ցույց տալ իրենց իրական շրջանառությունը։

«Ոչ բոլորն են այդպես։ Կան տնտեսվարեղներ, որ օրինականությունը պահպանում են, և մենք շնորհակալ ենք այդ մարդկանցից։ Եվ կան մարդիկ, որ թաքնվելով չակերտներով անապահով խավի կամ սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի տակ, ունենալով մեծ հնարավորություններ՝ ուղղորդում են նման քայլերի»,֊ ասել է նա՝ ընդգծելով, որ նկատի չունի ԱԺ «Ծառուկյան»  դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է Ծառուկյանի ընտանիքին։

Լրագրողները հիշեցրել են, որ ԱԺ֊ի մոտ հավաքված առևտրականներն ասում են, որ ստվերը մեծածախ բիզնեսում է, իսկ պետությունը փոքր բիզնեսում է հարկային չարաշահումներ փնտրում։

«Մանրածախում [ստվերը] ավելի շատ է։ Պայքարելով մանրածախում ստվերի դեմ՝ մենք կրճատում ենք ստվերը նաև մեծածախում», ֊ ասել է նա։

Հարությունյանին զայրացրել են լրագրողների այն խոսքերը, թե պետական պաշտոնյանները կամ նրանց երեխաններն են բիզնեսներ բացում ու պետական արտոնություններից օգտվում․ «Իսկ ո՞վ ասեց, որ պաշտոնյաներն իրավունք չունեն, պաշտոնյաների հարազատները իրավունք չունեն։ Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում։ Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն»։

Tekali Taxi