Home / Բանտ / Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից մեկը մահացել է․ նա բացահայտումներ էր խոստանում․ armlur.am

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից մեկը մահացել է․ նա բացահայտումներ էր խոստանում․ armlur.am

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է բանտախցում: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

Գրիգորյանի հարազատները հայտնել են, որ նրա մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր` կապված սրտի հետ: Գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և, մինչ հիվանդանոց հասցնելը, նա մահացել է:

«ՔԿ վարչության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դատապարտյալը սրտի ծակոց է զգացել, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է Էդուարդ Գրիգորյանի մահը», ֊ գրում է կայքը։

Թերթը հիշեցնում է, որ Էդուարդ Գրիգորյանը խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ անել հոկտեմբերի 27-ի գործի մասին։

Ցմահ դատապարտյալը ավելի վաղ Armlur.am֊ի միջոցով հայտարարել էր․ ««Խոստանում եմ շատ պատասխանատու մոտենալ այս ամենին, որովհետև սա միայն իմ անձնական գործը չէ: Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում․․»: