Զինվորական դատախազությունը Ռազմական ոստիկանության միջոցով ճնշումներ է սկսել Մեղրիի զորամասում օգոստոսի 20-ին մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ընկերուհու՝ 17-ամյա Աննա Ավետիսյանի նկատմամբ։ Վերջինս Անդրանիկ Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործում կարևոր վկա է։ Ցուցմունքով հայտնել է, որ չի հավատում կապիտանի՝ ինքնասպան լինելու վարկածին։ Այս մասին գրում է ForRights.am-ը։
Դեկտեմբերի 5-ին Ռազմական ոստիկանության աշխատակից Էդմոն Մարտիրոսյանի ցուցումով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի թաղային տեսուչ Արթուր Զաքարյանն այցելել է անչափահաս Աննա Ավետիսյանի բնակարան և ներկայացրել պարտավորագիր՝ հորդորելով հաստատել, որ դեկտեմբերի 7-ին ինքը կայցելի Ռազմական ոստիկանության Արմավիրի բաժանմունք։ Աննան հրաժարվել է կատարել թաղային ոստիկանի պահանջը, նշելով, որ դեմ չէ ՌՈ բաժանմունք այցելելուն, սակայն դա կանի միայն ծանուցագիր ստանալուց հետո, իր փաստաբանի ներկայությամբ, ինչպես որ օրենքն է սահմանում։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի թաղային տեսուչ Արթուր Զաքարյանը, կայքի փոխանցմամբ, անչափահաս աղջկա հետ խոսել է կոպիտ և խիստց սպառնալից տոնով՝ բարձր և ահաբեկող ձայնով։ Նա բացատրել է, որ դեկտեմբերի 7-ին ՌՈ չնեկայանալու դեպքում Աննան բերման կենթարկվի։
«Ես ժամանակ չունեմ, ուզում եմ հասկանամ, գնալո՞ւ ես ՌՈ բաժին, թե չէ։ Հետո՝ հետևից բերման ենթարկելու որոշումն ա գալու։ Ոստիկանության մեքենան՝ վիլիսը, գալիս ա՝ միգալկեքով կանգնում ա, վերցնում տանում ա։ Ուժով բերման ենթարկելը տհաճ երեևույթ ա, մանավանդ, որ աղջիկ երեխա ես, անհարմար ա։ Դու լավ գիտես՝ քեզ ինչի են կանչում, եթե չես խուսափում, գնա քո հարցերը լուծի պրծի», -կայքն Արթուր Զաքարյանի խոսքերը ներկայացրել է բառացի։
Աննա պատասխանել է, որ իր փաստաբան Հայարփի Սարգսյանի հորդորով ինքը Ռազմական ոստիկանություն կներկայանա միայն ծանուցագիր ստանալուց հետո։ Թաղային տեսուչ Արթուր Զաքարյանը սկսել է վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանի հասցեին։
«Էդ փաստաբանները, կներեք՝ ոչ թե քո, լրիվ՝ տուպոյ են, ինչ ասես՝ կասեն։ Հասարակ հարց՝ հարգելի փաստաբան, որ բերման որոշում եղավ, ինձ եկան զոռով տարան, դուք իմ պատվի և հետագայի համար պատասխան կտա՞ք։ Կարա՞ք՝ էդ տանողներին ու որոշում կայացնողներին քաշեք օրենքի դաշտ, պատասխանատվության ենթարկեք։ Ըլնո՞ւմ ա, թե՞ չի լինում, թե մենակ ասիք ու փողի խաթեր թռաք»,- ասել է Արթուր Զաքարյանը, որին այդպես էլ չի հաջողվել անչափահաս երեխային համոզել ներկայանալ Ռազմական ոստիկանություն։
ForRights.am-ի հետ զրույցում Աննա Ավետիսյանը զարմանք է հայտնել՝ ինչո՞ւ Ռազմական ոստիկանությունն իրեն չի ուղարկում ծանուցագիր՝ ներկայանալու պահանջով։ Փոխարենը թաղային տեսուչին է հրահանգվում անհանգստացնել իրեն ու իր ընտանիքին։
«Ես չեմ խուսափում ներկայանալ, ուղղակի ծանուցագիր ուղարկեն։ Ես պահանջում եմ, որ ինձ հանգիստ թողնեն, իսկ եթե իմ հարցաքննության կարիքը կա, դա պետք է արվի օրենքի շրջանակներում՝ էդ պարտավորագիրը տպել-ուղարկելու փոխարեն թող ծանուցագիր ուղարկեն։ Այդ դեպքում ես՝ մորս ու փաստաբանի հետ կներկայանամ հարցաքննության»,- կայքի հետ զրույցում ասել է Աննա Ավետիսյանը։
Ռազմական ոստիկանության ներկայացուցիչ Էդմոն Մարտիրոսյանը մեկ շաբաթ առաջ փորձել է հեռախոսային զրույցի ընթացքում Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների շուրջ հարցեր ուղղել Աննա Ավետիսայնին։ Վերջինս հրաժարվել է հարցերին պատասխանել՝ պնդելով, որ միայն ծանուցագիր ստանալուց հետո ինքը կներկայանա ՌՈ բաժին և հարցերին կպատասխանի։
Էդմոն Մարտիրոսյանը խոստացել է անպայման ծանուցագիր ուղարկել, բայց փաստորեն մտափոխվել է ու որոշել թաղային տեսուչին ուղարկել Աննա Ավետիսյանի բնակարան։ Բայց տեսնելով, որ թաղային տեսուչ Արթուր Զաքարյանն անչափահաս աղջկան չի կարողացել համոզել՝ ներկայանալ ՌՈ բաժին, Աննա Ավետիսյանին ահաբեկելու գործն իր վրա է վերցրել։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 7-ին զանգել է Աննա Ավետիսյանին, փորձելով արդեն անձամբ ճշտել՝ արդյո՞ք աղջիկը ներկայանալու է ՌՈ բաժին։
«Ինքն իր ասածին հակասում է, սկզբից ասեց, թե խնդիր չկա, ծանուցագիրը կուղարկենք։ Այսօր էլ ասում է՝ որպես այդպիսին օրենքով ծանուցագիր չկա»,- պատմել է Աննան։
Օրինական գործընթացի դեպքում ոստիկանությունն ուղղակի պարտավոր է գործով վկային գրավոր ծանուցել, շեշտել է Աննա Ավետիսյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը։
«Աննա Ավետիսյանը մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի գործով շատ կարևոր վկա է, և զարմանալի է, որ հենց այս փուլում են սկսել Աննային անհանգստացնել, երբ Անդրանիկ Մկրտչյանի հայրը օրինական գործընթացների մեջ է, տվյալ գործով միջնորդություններ է ներկայացրել։ Մինչ այդ Աննա Ավետիսյանի մասով որևէ հետաքրքրություն չկար։ Այժմ արդեն հետաքրքրվում են և ոչ օրինական միջոցներով»։
Լրագրողներ հանուն մարդու իրավուքների իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն իրավիճակի մասին հեռախոսազանգով տեղեկացրել է Անդրանիկ Մկրտչյանի քրեական գործի քննությունը վերահսկող դատախազ Անուշավան Հարությունյանին։
«Անուշավան Հարությունյանը տեղյակ էր, ավելին, նա ասաց, որ իր հանձնարարականնով օպերատիվ միջոցառումների շրջանակում են անչափահաս վկային տանում ՌՈ բաժին: Հարցիս, թե ինչու պատշաճորեն չեն ծանուցում վկային, հստակ պատասխան չտրվեց, բայց հասկացա, որ իրենց համար դա բոլորովին պարտադիր չէ: Ամեն դեպքում խոստացավ, որ կգործեն օրենքի շրջանակում, սակայն հաջորդ օրը անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշումները շարունակվել են ,փորձում են ճնշում գործադրելով բերման ենթարկել անչափահաս աղջկան»։
Իրավապաշտպանը փորձել է կապվել զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հետ, բայց վերջինս խուսափել է հեռախոսով պատասխանել հարցերին։