Home / Շուկա / Անհիմն հիմնավորումներ․ վարորդները դեմ են աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելուն

Անհիմն հիմնավորումներ․ վարորդները դեմ են աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելուն

Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրինագծում տեղ գտած Կառավարության հիմնավորումները անհիմն են, և ենթադրաբար կան տնտեսական պատճառներ, որոնք չեն հրապարակվում․ օրինակ, խթանել ավտովաճառքով զբաղվող մեծ ընկերությունների բիզնեսը։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» ասել է օրինագծի մասին հայտարարելուց հետո ստեղծված «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Արթուր Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ եթե պետությունը ցանկանում է ավելի շատ ձախ ղեկով մեքենաներ տեսնել Հայաստանում, կարող է, օրինակ, իջեցնել ձախ ղեկով մեքենաներ ներկրելու մաքսատուրքը։ Չէ՞ որ մարդիկ աջ ղեկով մեքենաներ են ներկրում դրանց ավելի մատչելի լինելու պատճառով։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշել է, որ այն հիմնավորումը, թե օրենքը փոխվում է, քանի որ աջ ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են, կեղծ է։

«Ինչո՞ւ է թույլատրվում արդեն օգտագործվող աջ ղեկով մեքենաների շահագործումը։ Եթե դրանք մնալու են, ապա անվտանգության հարցը չի լուծվում։ Այսինքն՝ վերավաճառքի, կամ ներմուծման արգելքը անվտանգության հարցը չի լուծում»,֊ ասել է նա։

Քեյանը նաև նկատել է, որ քաղաքացու իրավունքները սահմանափակող օրինագիծը չի կարող հետադարձ ուժ ունենալ, իսկ այս օրենքը հետադարձ էլ է գործում․ արդեն ներկրված աջ ղեկով մեքենաները չի թույլատրվելու վերավաճառել, վերագրանցել։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ևս անդրադարձել է «աջ ղեկով մեքենաները վտանգավոր» են թեզին։ Ըստ նրա՝ վտանգավոր են բոլոր մեքենաները, իսկ աջ ղեկով երթևեկելը տարբերվում է ձախ ղեկով երթևեկելիս միայն վազանց կատարելու դեպքում։

«Եթե մենք մոտիկանում ենք մեքենային, մենք պետք է պաշտպանենք որոշակի տարածություն, աջ ղեկի դեպքում այդ տարածությունը պետք է մի քիչ ավելի շատ լինի՝ 10-15 մետրով։ Աջ ղեկով վարող վարորդները ընդամենը սա պետք է իմանան, այդ հմտությունները պետք է ունենան։ Արդյոք մեր պետության դեպքում կա ընթացակարգ, որ դասընթաց լինի վարորդների համար»,֊ ասել է Բաղդասարյանը։

Tekali Taxi