Գլխավոր / Ազգային ժողով / Աջը ձախին վնաս չէ․ աջ ղեկով մեքենաների ներկրման հնարավոր արգելքին ավտոերթով կպատասխանեն

Աջը ձախին վնաս չէ․ աջ ղեկով մեքենաների ներկրման հնարավոր արգելքին ավտոերթով կպատասխանեն

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելու դեմ ՀՀ կառավարության օրինագիծը դժգոհության ալիք է բարձրացրել․ Երևանում նախագծի դեմ բողոքի ավտոերթ է անցկացվելու։ Երթի կազմակերպիչներն առաջարկում են միանալ երթին բոլոր նրանց, ովքեր ունեն կամ ցանկանում են ներկրել աջ ղեկով մեքենա։ Երթը մեկնարկելու է Հարավ֊արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտից, դեկտեմբերի 22-ին ժամը 15.00֊ին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Ավտոերթ ընդդեմ աջ ղեկի արգելքի» միջոցառման էջում։

Երթին առաջարկվում է գալ պաստառներով և կոչերով, օրինակ․ «Աջ, թե ձախ, իմ իրավունքն ու իմ ընտրությունը», «մեր Աջը ձեր Ձախին վնաս չէ», «Մեր աջ ղեկը ձեր ձախ գործերին մի խառնեք», «Աջը քաշած…», «Մի բզբզեք»։

Մասնակիցներից մեկն առաջարկում է Թաթայի «Աջ, թե ձախ» երգը հռչակել շարժման օրհներգ։

Հիշեցնենք, որ Կառավարությունը պաշտոնապես հայտարարել է նոր օրինագծի մասին, համաձայն որի աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան արգելվելու է 2018 թվականի ապրիլի 1-ից։

Այս որոշումը հիմնավորվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամությամբ և երթևեկության անվտանգության կանոններով։ Օրինագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, որտեղ դրա դեմ է քվեարկել քննարկման մասնակիցների 93 տոկոսը։ Մեկնաբանություններում օրինագծի դեմ արտահայտվողները համաձայն չեն, որ աջ ղեկով երթևեկելը վտանգավոր է, իսկ օրենքը համարում են Սահմանադրությամբ ամրագրված Սեփականության իրավուքնի խախտում։