Գլխավոր / Շուկա / Աջ ղեկով մեքենաների համար պայքարողները երկու ճամբարի են բաժանվել

Աջ ղեկով մեքենաների համար պայքարողները երկու ճամբարի են բաժանվել

Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի դեմ պայքարող վարորդները և «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներn այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ հանդիպում պահանջելով վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը, սակայն, «Ֆեյսբուքով» հայտարարել է, որ վարչապետը 5 օրով գնում է արձակուրդ՝ արտերկիր։

Հիշեցնենք, որ Կառավարության հրապարակած օրինագծի համաձայն, ապրիլի 1-ից արգելվում է հետո աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան, իսկ երկրի ներսում շահագործվող մեքենաները՝ պաշտոնապես 32000, վերագրանցել։

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներից մեկը։ Նա առաջարկել է շատ «պեսիմիստ» չլինել, հատկապես այս տոնական օրերին և չքննարկել օրինագծի շուրջ հարցերը փողոցում, այլ առաջարկներ մշակել և ներկայացնել նախարարություն։

«Մենք պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկները, բայց ոչ էս կոնտեքստում, շատ կներեք, ծառի տակ։ Մենք բաց ենք»,֊ ասել է նա։

«Մեր ակցիան շատ նորմալ ժողովրդավարական քայլ է»,֊ հակադարձել է «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներից մեկը։

Միևույն ժամանակ նախարարությունը գնացել է որոշ զիջումների։ Այսօր նախարարության կայքը հայտնել է, որ «հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները»։

Այս զիջումը, սակայն, Կառավարության մոտ հավաքված վարորդներին չի բավարարում։ Նրանք երկու մասի են բաժանվել․ մի մասը շարունակել է մնալ և պահանջել Կարեն Կարապետյանի հետ հանդիպում, մյուս մասը՝ «Աջ ղեկ» նախաձեռնությունը, հայտարարել է, որ հեռանում է փակ քննարկումներ անելու։

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները Epress.am֊ին հայտնել են՝ պահանջելու են, որ նախագիծը գոնե հետաձգվի 3 տարով, ինչպես արվել է Վրաստանում։

Կարեն Կարապետյանին սպասող վարորդները պահանջում են, որ այս նախագիծը ընդհանապես հետ կանչվի։