Home / Բանակ / Նայողների ինստիտուտ․ բանակում անպատժելիության մթնոլորտ է տիրում

Նայողների ինստիտուտ․ բանակում անպատժելիության մթնոլորտ է տիրում

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը կարելի է գնահատել «կայուն շարունակական վատ վիճակ» բնորոշմամբ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով զինված ուժերում առկա կոնկրետ խնդիրներին։

«Կանոնադրական հարաբերությունների խախտումների դեպքում բողոքարկման մեխանիզմ գոյություն չունի։ Դրա համար մենք առաջարկում էինք ռազմական օմբուդսմենի ինստիտուտ, որը զինված ուժերում կզբաղվեր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներով, ինչը, սակայն, չընդունվեց…

Կա «նայողների ինստիտուտ», որոնց անվանում են «յախշիներ»։ Սրանց վերաբերյալ լուծումներ չկան։ Ճիշտ է կազմակերպում են դասընթացներ, բայց խնդիրները լուծելու համար մեխանիզմներ են պետք»,֊ ասել է Սաքունցը։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունում անհետևողական են վերաբերվում Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի կողմից բարձրացված մտահոգություններին։

«Պաշտպանության նախարարության կողմից անձամբ մենք որևէ անգամ հրապարակային հղում չտեսանք Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի կողմից մշակված մտահոգություններին։ Սա կարևոր է, քանի որ այդ ծրագիրն ուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի և զինված ուժերում ժողովրդական վերահսկողության համակարգերին։ Մենք չենք տեսնում պաշտպանական գերատեսչության ղեկավարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ մտահոգվածություն կամ [խնդրի] կարևորում»,֊ ընդգծել է Սաքունցը։

Նրա կարծիքը կիսել է քննարկմանը ներկա իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ բանակի ներսում շարունակում է տիրել անպատժելիության մթնոլորտը։

«Երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի օգտատեր գրեց, որ 8֊օրյա զորակոչված նորակոչիկն իրեն պատուհանից ցած է նետել և Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ քննություն է կատարվում, մենք դրանից հետո անմիջապես այցելեցինք այդ ընտանիքին։ Մինչև մեր այցելությունն արդեն ակնհայտորեն պաշտոնական խողովակներով իշխանամետ թերթերը գրեցին, որ այդ տղան չի ուզել ծառայել։ Վստահ եմ, որ դա ուղղորդված էր Պաշտպանության նախարարության կողմից։ Բայց մեր այցելությունը ցույց տվեց բոլորովին հակառակ պատկերը։ Տղան շատ մեծ ուրախությամբ է գնացել ծառայության։ Ինչո՞ւ եմ այս օրինակը բերում, քանի որ ես երբևէ չեմ տեսել, որ նրանք [Պաշտպանության նախարարությունը] հակված են բացահայտել այդ դեպքը։ Թող հանրային քննարկում սկսեն, պարզեն հանգամանքները, թե ի՞նչը կարող էր այդ նորակոչիկին մեկ շաբաթում հասցնել այդ իրավիճակին։ Սա վկայում է բանակի ներսում անպատժելիության մթնոլորտի պահպանման մասին»,֊ ասել է Ալեքսանյանը։

Tekali Taxi