Հայաստանցի բնապահպանները մտահոգված են, որ Մոնրեալում գործող Կանադական֊հայկական բիզնես կենտրոնը փետվարի 20-ին հյուրընկալելու է Հայաստանում նավթի որոնումով զբաղվող ԱԳԱՊԵ ընկերության (Armenian Gas and Power Enterprises Inc) հիմնադիր Գրեմ Ջոնսոնին։ Հայաստանցի բնապահպանները կոչ են անում կանադահայերին բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ընկերության։
Մոնրեալի կանադական֊հայկական բիզնես կենտրոնը զբաղվում է Հյուսիսային Ամերիկայում հայկական բիզնեսների համար կապեր ստեղծելով։
«Եթե դուք ցանկանում եք իմանալ՝ արդյոք նավթ կա Հայաստանում, բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը լսել այս մասին առաջին ձեռքից՝ մի ընկերությունից, որն աննախադեպ թույլտվություն ունի երկրի տարածքի գրեթե կեսում որոնումներ անելու, և ավելի քան 500 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ իրականացնելու։ ԱԳԱՊԵ֊ն Հայաստանի կառավարությունից ստացել է անհրաժեշտ արտոնագրեր և բնապահպանական թույլտվություններ Հայաստանում նավթ որոնելու համար»,֊ ասված է բիզնես֊կենտրոնի կայքում։
Գրեմ Ջոնսոնը, բացի ԱԳԱՊԵ֊ի տնօրենը լինելուց զբաղեցնում է Granite & Pine Investments մասնավոր ներդրումային ֆոնդի նախագահի պաշտոնը, աշխատել է Deutsche Bank֊ում, աշխատել է կանադական նավթային ընկերությունում՝ Ղազախստանում։
ԱԳԱՊԵ֊ն նախատեսում է նավթ որոնել Վայոց Ձորում, Սյունիքում և Տավուշում։ Ընկերությունը հանդիպումներ է նախաձեռնում Կանադայում, սակայն նավթի որոնման ծրագրի մասին Հայաստանի համայնքներում հանրային լսումներ դեռ չեն անցկացվել։ Վայոց ձորի մարզպետարանում հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին,անցկացվել է հանրային քննարկում գյուղապետերի հետ։ ԱԳԱՊԵ ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ անելու են գրավիտացիոն ուսումնասիրություններ։ Գյուղապետները տվել են իրենց նախնական համաձայնությունը։
Վայոց Ձորի Հերմոն համայնքի ղեկավար Գայ Օհանյանը Epress.am֊ին հայտնել է, որ գյուղացիները դեմ են նավթի որոնման աշխատանքներին և ինքը՝ գյուղապետը, հեռախոսազանգով մերժել է որոնումներ թույլ տալը։
ԱԳԱՊԵ ընկերության հայաստանյան հեռախոսահամարը միշտ անհասանելի է։