Home / Կրթություն / Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլով աջակցում են իրենց դասախոսին

Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլով աջակցում են իրենց դասախոսին

Ի աջակցություն Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանի հացադուլին՝ մի քանի տասնյակ ուսանողներ այսօր դասադուլ են սկսել։ Հացադուլավորը հանրության ուշադրությունն է հրավիրում բուհի ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինությունների վրա։

Դասադուլավոր ուսանողները բաց նամակ են հղել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ պահանջելով արձագանել Խորիկյանի բարձրացրած մտահոգություններին և բավարարել նրա պահանջները։ Բացի դրանից՝ ռեկտորին հորդորել են վարկաբեկող հայտարարություններ չանել Խորիկյանի հասցեին՝ «ըստ արժանվույն գնահատել նրա բարձր մարդկային և մասնագիտական որակները»։

Բացի սոլիդարության կոչից, ուսանողները մի քանի կետով իրենց պահանջներն են ներկայացրել․

«1․ Պահանջում ենք, որ բուհում գործող զեղչային համակարգը ստանա կանոնավոր տեսք և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հատկացվեն 20%-ից բարձր և առաջադիմությանը համապատասխան զեղչեր։

2․ Պահանջում ենք, որ ժամանակին տրամադրվեն անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները, որոնք պետք է տրվեին դեռևս հունվարի վերջին»։

Փետրվարի 13-ից հացադուլ հայտարարած դասախոսը գիշերել է բուհում։ Նրան չի հանդիպել ո՛չ համալսարանի ռեկտորը, ոչ մարզային որևէ կառույցի ներկայացուցիչները։