Գլխավոր / Շուկա / «Բուրգեր Քինգի» ալկոհոլի վաճառքի թույլտվությունը երկարաձգված չի եղել․ պաշտոնական

«Բուրգեր Քինգի» ալկոհոլի վաճառքի թույլտվությունը երկարաձգված չի եղել․ պաշտոնական

Ապրիլի 2-ի դրությամբ Հյուսիսային պողոտայում տեղեկայված «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվությունը երկարաձգված չի եղել։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ապրիլի 2-ին «Բուրգեր քինգում», քննության նախնական վարկածի համաձայն, պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, որի հետևանքով 8 մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից 6֊ը՝ երեխաներ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ավագ քննիչ Գարիկ Նահապետյանը ասել է, որ 2017 թվականի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, արագ սննդի կետը ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, ինչի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել ծառայության մատուցումը։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Աղվան Հովսեփյանը հանձնարարել է պարզել՝ արդյոք «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետն իրավունք ուներ շարունակել ալկոհոլային խմիչքների վաճառքն առանց դիմումի պատասխանն ստանալու, իրավասու մարմինների կողմից ինչ ընթացք է տրվել դիմումին և ինչու դիմումատուն դրա քննարկման արդյունքների մասին չի տեղեկացվել։ Բացի դա, Հովսեփյանը խնդրել է պարզել՝ գարեջրի վաճառքն իրականացնելու համար ստուգվել են արդյոք սննդի կետում ստեղծված անհրաժեշտ պայմանները, գլանատակառի շահագործման համար կան նախատեսված անվտանգության ապահովման պայմաններ, թե ոչ, եթե այո, ապա ով է պատասխանատու սննդի կետերում ստուգել դրանց առկայությունը, պահպանումը։

Պայթյունի դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրօր֊ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել 2 կամ ավելի անձնաց առողջությանը։), 8 անձ ճանաչվել է տուժող: