Home / Կրթություն / Շիրակի պետհամալսարանի ուսանողները պահանջում են ՀՀԿ֊ական ռեկտորի հրաժարականը

Շիրակի պետհամալսարանի ուսանողները պահանջում են ՀՀԿ֊ական ռեկտորի հրաժարականը

15:00 Շիրակի պետական համալսարանի ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ սկսած բողոքի ակցիայի ընթացքում վերջինս իջել է իր հրաժարականը պահանջող ուսանողների և դասախոսների մոտ։ Նա աշխատանքից հեռացված դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին անվանել է կաշառակերներ։

Ուսանողներն, իրենց հերթին, հայտարարել են, որ պատրաստվում են բուհի շենքի մոտ նստացույց սկսել, եթե ռեկտորը հրաժարականի դիմում չներկայացնի։

Սահակ Մինասյանի հրաժարականը պահանջող գրավոր դիմում է ներկայացրել և բողոքողներին այդկերպ միացել է նաև ԲՀԿ֊ական Վարդևան Գրիգորյանը, որը նույն համալսարանի նախկին ռեկտորն էր՝ նախքան 2017-ին ԱԺ պատգամավոր դառնալը։ Բողոքող ուսանողներին է միացել նաև «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

12:30 Շիրակի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ և դասախոսներ այսօր հավաքվել են բուհի շենքի մոտ և պահանջում են ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

«Համաժողովրդական շարժումն արդեն հասել է նաև Շիրակի մարզ, և մենք հավաքվել ենք այստեղ առաջիկա երկու ժամում պահանջելու ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Նման չարիքից օր և վայրկյան առաջ ազատվելը բոլորիս խնդիրն է», ֊ բարձրախոսով հավաքվածներին դիմել է ՇՊՀ֊ից վերջերս ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանը։

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Խորիկյանը և համալսարանի մեկ այլ դասախոս Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, նամակ էր հղվել նաև ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին։ Խորիկյանը նամակում նկարագրել էր, թե ինչպես է Մինասյանը «կործանում բուհը»։ Ի պատասխան՝ ռեկտոր Սահակ Մինասյանը դասախոսներին 2018֊ի մարտին առանց զգուշացման ազատել էր աշխատանքից։

Նշենք, որ Սահակ Մինասյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ֊ի Շիրակի կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի՝ Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու։

Այս պահին ակցիան շարունակվում է։