Գլխավոր / Բանակ / Ամերիկյան դեսպանատան բացման օրը Իսրայելը սպանում էր պաղեստինցիներին

Ամերիկյան դեսպանատան բացման օրը Իսրայելը սպանում էր պաղեստինցիներին

61 սպանված և ավելի քան 2700 վիրավորված պաղեստինցիներ, 1 վիրավոր իսրայելցի զինվոր, 1 բացված ԱՄՆ֊ի դեսպանատուն Երուսաղեմում։ Միջազգային խոշոր լրատվամիջոցներն այս ամենը որակել են որպես «բախում» իսրայելցիների և պաղեստինցիների միջև։

Մահացածների թվում 7 երեխաներ կան (մեկը 8 ամսական, մյուսները՝ 14-17 տարեկան) և մեկ կին։ 1359 մարդ հրազենային վիրավորում է ստացել, 980 մարդ թունավորվել է արցունքաբեր գազի կիրառումից։ Վիրավորում ստացածների թվում 225 անչափահաս կա, 79 կին, 12 լրագրող, 17 բուժակ։ Վիրավորում ստացածներից 54֊ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։

Մայիսի 15-ին պաղեստինցիները նշում են որպես Աղետի օր՝ կապված 1948 թվականին Իսրայել պետության կազմավորման հետ։ Մայիսի 14-ին պաղեստինցիների բողոքի ակցիաներն ուժգնացել են, քանի որ ԱՄՆ֊ն դեստապանատունը որոշել էին Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել։ Մինչ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները ծափերով նշում էին դեսպանատան բացումը, իսրայելցի զինվորականները կրակում էին և արցունքաբեր գազ էին արձակում գազայի հատվածում հազարավոր բողոքող պաղեստինցիների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան, որը նաև վերջինիս ավագ խորհրդականն է, հայտարարել է, որ Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխումը ոչ թե արգելակում է խաղաղ կարգավորումը, այլ դրա համար նոր նախադրյալներ է ստեղծում։

«Իսրայելում շատերը կասեն, որ մարդիկ Գազայի հատվածում «Համասի» պրոպագանդայի զոհ են դարձել։ Բայց մարդկանց առաջնորդում էր բացարձակ հուսալքվածությունը, և իսրայելցիները պաշտպանվելու այլ հնարավորություններ ունեն․ Աբսուրդային է մտածել, որ բարձր տեխնոլոգիաներ ունեցող Իսրայելը, որն «ամեն ինչ» կարող է և անգամ իրանցիներից գողանում է նրանց ատոմային արխիվը, չէր կարող չեզոքացման այլընտրանքային միջոցներ օգտագործել», ֊ տեղից գրել է շվեյցարացի լրագրող Ուլրիխ Շմիդը։

Նա նշում է, որ ԱՄՆ֊ն Թրամփի օրոք իրեն չի համարում միացյալ արևմտյան աշխարհի առաջնորդ, այլ սեփական իշխող դիրքի համար պայքարի ջատագով է։ Իսրայելի և պաղեստինացիների համար դա վատ նշան է, ընդգծում է լրագրողը։