Օպտիմալացման շրջանակներում հայաստանյան զինկոմիսարիատների շուրջ 400 աշխատող կորցրել է աշխատանքը: Զինկոմների աշխատողները կրճատումների դեմ բողոքով հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարության նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը բողոքողներին խնդրել է գնալ և հանդիպել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Մարդկանց մի մասը գնացել է նախարարություն, իսկ մյուսները պնդել են, որ շարունակելու են ակցիան Կառավարության շենքի մոտ:
Էջմիածնի զինկոմի աշխատակիցներից մեկն ասել է, որ հարցը միայն այն չէ, որ իրենք են կորցնում աշխատանքը:
«Սա պրոբլեմներ է առաջացնում ամբողջ համայնքի համար։ Ամբողջ էջմիածինը խուճապի մեջ է, ո՞նց ենք մենք ամեն թղթի համար հասնելու Արմավիր: էջմիածնի զինկոմիսարիատը միանում է Արմավիրին»,- ասել է ակցիայի մասնակիցը:
Ճամբարակի զինկոմիսարիատում 16 աշխատողներից մնում են 4-ը, որոնք էլ միանալու են Մարտունու գրասենյակին:
«Ճամբարակից Մարտունի 160 կիլոմտր է, եթե ոչ ավել», – ասել է ճամբարակցիներից մեկը:
Բողոքին մասնակցում են նաև չկրճատվածները: Նրանք պնդում են, որ 100 կիլոմետրի վրա իրենց աշխատանք տալն անիմաստ է, քանի որ աշխատավարձը միայն ճանապարհածախսը փակելու համար է:
Նշենք, որ զինկոմիսարիատների վերաբերյալ փոփոխությունը նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ընդունած որոշումով է արվել: