հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ամուլսարի շահագործման դեպքում ջրային ռեսուրսներին լուրջ վտանգ է սպառնում․ փորձագետները՝ նոր Կառավարությանը

Ամուլսարի շահագործման դեպքում ջրային ռեսուրսներին լուրջ վտանգ է սպառնում․ փորձագետները՝ նոր Կառավարությանը

Միջազգային ասպարեզում հայտնի չորս գիտնական-փորձագետներ՝ Անն Մաեստ, դոկտոր Ռոջեր Սմարթ, Անդրե Սոբոլևսկի, Անդրեա Գերսոն, Հայաստանի նոր կառավարության և բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությանն են ներկայացրել Ամուլսարում հանքի շարագործման ծրագրի էկոլոգիական ռիսկերի մասին իրենց ամփոփիչ եզրակացությունը։ Փորձագետներն ընդգծում են, որ գլխավոր մտահոգությունը Հայաստանի ջրային ռեսուսրներին սպառնացող վտանգն է։ Փորձագետների կարծիքը տարածել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նպատակ ունի ոսկի կորզել Ամուլսարի հանքանյութի կոշտ թափոնների կույտային հարթակում տարրալվալու եղանակով։ Ընկերությունը, ըստ փորձագետների, ներկայացրել է հարթակի ջրի մշակման սխեմա, համաձայն որի օգտագործված ջրից մաքրվելու են առաջացած աղտոտիչներից քչերը միայն։

«Ուստի «Լիդիանը» չի կարող վստահությամբ պնդել, որ այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են մկնդեղը, ծարիրն ու սնդիկը, չեն արտազատվի ու բացասական հետևանքներ չեն թողնի ջրի վրա, ինչպես նաև հանքից ներքև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց մշակաբույսերի վրա»,֊ եզրակացնում են փորձագետները։

Ավելին՝ փորձագետների կողմից ոչ բավարար գնահատված ջրի մաքրման աշխատանքներն ընկերությունը նախատեսում է սկսել հանքի շահագործման 5-րդ տարուց հետո միայն։ Մինչդեռ լավագույն միջազգային փորձի վրա հիմնված առաջարկություններում՝ հանքի ջրերի ակտիվ եղանակով մաքրման կայան պետք է կառուցել, որը պետք է գործի հանքի շահագործման նախորդ օրվանից մինչև փակման ավարտ։

««Լիդիանը» ենթադրում է, որ շահագործման 5-րդ տարում անհրաժեշտ ջրի մշակման գործընթացները պիտի ենթադրեն համեմատաբար քիչ ծախսեր ու պահպանություն պահանջող պասիվ համակարգի, այլ ոչ թե ավելի ակտիվ ու հուսալի համակարգի ներդրում, ինչպիսին կրով ցնցուղումն է։ Ապացուցված է, որ ջրի մշակման նման պասիվ համակարգը բավարար չէ հանքի տարածքի ջրերը բոլոր աղտոտիչներից մաքրելու համար։ «Լիդիանի» լավատեսական ենթադրություններն առաջ են բերում այնպիսի բնապահպանական ու տնտեսական խոցելիություններ, որոնք ահռելի ռիսկի տակ են դնում հանքի շահագործման ֆինանսական կենսունակությունն ու բնական միջավայրի առողջությունը։ Ֆինանսական խղճուկ ու անբավարար երաշխիքը (միայն 34 միլիոն ԱՄՆ դոլար) նման լայնածավալ, բարձր ռիսկեր պարունակող հանքարդյունաբերական ծրագրի համար, որը պետք է իրականացնի փորձառություն չունեցող, ֆինանսապես անապահով հանքարդյունաբերական ընկերությունը՝ առաջացնում է ռիսկ, որ ընկերությունը ծրագրից վաղաժամ կհրաժարվի ու ֆինասնական և բնապահպանական բոլոր պարտավորությունները կփոխանցի միջազգային վարկատուներին ու Հայաստանի ժողովրդին»,֊ ահազանգում են փորձագետները։

Նրանք հիշեցնում են, որ երբ տեղի է ունենում թթվային դրենաժ, մետաղային ու սուլֆատային կոնցենտրացիաները զգալիորեն բարձրանում են։

«Ծարիրն ու մկնդեղը հեշտությամբ կարող են հայտնվել սննդային շղթայում և, նույնիսկ ցածր կոնցենտրացիաներով, մարդկանց համար լուրջ սպառնալիք հանդիսանալ։ Պղնձի ու ցինկի նունիսկ ցածր կոնցենտրացիաները թունավոր են ձկների ու ջրային այլ կենսաբազմազանության համար, հատկապես, երբ ջրի կոշտության ցուցանիշները ցածր են, իսկ հանքի տարածքի կարևոր ջրային հատվածներում ջրի որակն այդպիսին է։ Ամուլսարում մտահոգություն առաջացնող այլ աղտոտիչներից են ամոնիակը, կադմիումը, կապարը, սնդիկը, նիտրատը և սելենը, որոնք թունավոր են մարդկանց ու ջրային կյանքի համար։ Կույտային տարրալվացման միջոցով կորզման փորձը ցույց է տալիս, որ հավանական է թիոցիանատի առաջացում, ինչը իր թունավորության պատճառով անհրաժեշտ կլինի անջատել»,֊ մանրամասնում են եզրակացության հեղինակները։

Բնապահպանական հավանական հետևանքները հետևում են վերը նշված խնդիրներին՝ ստորերկրյա ջրերի, աղբյուրների, Սպանդարյան-Կեչուտ թունելի ջրի, Կեչուտի ջրամբարի ջրի աղտոտում։ Ջրի վատթարագույն որակն ակնկալվում է դատարկ ապարների լցակույտից արտահոսքի հետևանքով, որը թունելից, Կեչուտի ջրամբարից ու Արփա գետից վերև է։