Home / Շուկա / Սամվել Ալեքսանյանի ՍՊԸ֊ն խուսափել է հարկեր վճարելուց․ ԱԱԾ֊ն քրեական գործ է հարուցել

Սամվել Ալեքսանյանի ՍՊԸ֊ն խուսափել է հարկեր վճարելուց․ ԱԱԾ֊ն քրեական գործ է հարուցել

ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր, գործարար  Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ»  ընկերությունը, գրանցելով հարյուրավոր կեղծ ԱՁ-ներ,  խուսափել է ավելացված արժեքի հարկ և շահութահարկ վճարելուց։  Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել  տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։ Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ՞֊ ասված է ԱԱԾ հայտարարությունում։

Նույն «սխեման», ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության գիտությամբ, կիրառել են ևս 11 խոշոր կազմակերպությունները, ինչը, նկատում է ԱԱԾ֊ն, ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:

Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և  դատահաշվապահական փորձաքննությամբ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով: