Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ազատ է արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին։ Դատարանը մերժել է քննիչի կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները ու նրանց ձերբակալման որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: Որոշումը կայացրել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, որը այս տարվա մարտին 10,5 տարվա ազատազրկման էր դատապարտել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին։
Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քննչական կոմիտեն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել ապրիլի 22-ին Էրեբունիում Նիկոլ Փաշինյանի և մյուսների ձերբակալման օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ։ Այդ օրը քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց:
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար: Մյուս 4 անձանց՝ քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, իսկ Մասիս քաղաքի բնակիչներ՝ Սարգիս Սահակյանին, Գևորգ.Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Դատարանը կալանավորել է միայն մեկին՝ Գոռ Խաչատրյանին։
Դատարանից դուրս գալուց հետո Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը կեղծ է և չկան տեսնյութեր, որոնք կարող են վկայել, որ ինքը եղել է դեպքի վայրում։ Նա նաև պնդել է, որ չի հրաժարվելու քաղաքապետի պաշտոնից։