Հունիսի 1-ին Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների, որի հետևանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Վրդովված այս միջադեպով՝ տասնյակ մարդիկ իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը՝ պահանջելով ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին», – գրում է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ցուցարարների հետ բանակցելու են գնացել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Արայիկ Հարությունյանը հավաքված մարդկանց փոխանցել է Բակո Սահակյանի հավաստիացումն այն մասին, որ մեղավորները պատժվելու են, սակայն մարդիկ դեռ մի քանի ժամ չեն ցրվել և չեն բացել փողոցը։
«Միայն գիշերվա մեկի կողմերը համաձայնություն ձեռք բերվեց, որ փողոցը բացվում է և իշխանություններին մինչև 11։00 ժամանակ է տրվում, որ ծեծին մասնակցած հատուկ ջոկատայինները ձերբակալվեն։ Պահանջը չկատարվելու դեպքում փողոցը կրկին փակվելու է», – Գրիգորյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից մեկը նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանի ազգականն է։
«Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԱԾ սպեցնազը տարբեր մարդկանց ծեծի է ենթարկում ու ահաբեկում։ Կարծում եմ` այն պարզապես պետք է ցրվի կամ փոխանցվի բանակի ենթակայության տակ։ Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարությունը ևս պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոններից», – գրում է քաղաքագետը։
Ավելի ուշ Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքայն իր էջում նշել է, որ այսօր 03։30-ին այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Մելիքյանը նշել է, որ շուտով իրենք քննելու են հարցը և հանդես գալու հայտարարությամբ։