Գլխավոր / Հայաստան / Պետությունն իր վրա կվերցնի պարտադիր կուտակայինի 75 տոկոսը

Պետությունն իր վրա կվերցնի պարտադիր կուտակայինի 75 տոկոսը

2018թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը։ Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այսօրվա արտահերթ նիստում։ Հաշվի առնելով հասարակության մտահոգությունները՝ Կառավարությունը որոշել է իր վրա վերցնել լրացուցիչ ֆինանսական բեռի մի մասը։

«Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը», – ասված է Կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունը խոստանում է դրույքաչափերը կիրառել մինչև եկամտային հարկի բարեփոխումների կատարումը:

Համաձայն կառավարության`որոշումը վերահաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն արտահայտած մոտեցումը, ըստ որի՝ Կուտակային համակարգի ներդրման գործընթացը Հայաստանում անցել է անդառնալիության կետը: Մասնավորապես, գործադիրն ընդգծում է, որ Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Բացի դա, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

«Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին: Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ և ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում (որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված», – նշում է կառավարությունը։

Tekali Taxi