հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԵՊՀ-ում «կուտակայինի» պատճառով 12 դասախոս ազատվելու դիմում է ներկայացրել․ Tert.am

ԵՊՀ-ում «կուտակայինի» պատճառով 12 դասախոս ազատվելու դիմում է ներկայացրել․ Tert.am

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին տխրեցնում է այն փաստը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» պատճառով բուհից երիտասարդ դասախոսներ են հեռանում։ Այս մասին Սիմոնյանն ասել է Tert.am-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ երիտասարդ դասախոսները, ովքեր աշխատում են նաև մասնավոր ոլորտում, ստիպված են վճարումներ կատարել նաև այնտեղ, քանի որ իրևենց տվյալներն առկա են համակարգում։

Ռեկտորի խոսքով՝ ինքը խնդրի շուրջ զրուցել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ և նշել, որ հարցին որևէ լուծում պետք է տրվի:

«Բայց տպավորությունս այն է, որ նախարարն այս հարցում լավատես է: Այդ իսկ պատճառով էլ ոմանց խնդրել ենք համբերել, մինչև որ կլինի որևէ որոշում. մի մասը համաձայնել են, մի մասը մտմտում են՝ ինչ անել»,- ասել է Արամ Սիմոնյանը:

Նա նշել է, որ միայն այսօրվա ընթացքում արդեն իսկ 3 դիմում է ստորագրել, դիմումների ընդհանուր թիվը 12-ն է:

«Եվ նրանք հիմնականում այն երիտասարդներն են, որոնք, նախ լավ մասնագետներ են և երկրորդ՝ ընդգրկված են բիզնեսի ոլորտում: Դուք գիտեք, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ԵՊՀ-բիզնես համագործակցությանը, դա կորպորատիվ համալսարանի գաղափարն է, որը շատ այժմեական է: Ես պետք է տխրությամբ նշեմ, որ ինչ-որ մի տեղ վտանգի տակ է դրվում այդ համագործակցությունը, տարիների քաղաքականությունը, որ որդեգրել ենք: Մասնավորապես, «Սինոպսիսի» հետ շատ հաջողված ծրագիր ունենք, այսօր «Սինոպսիսի» երիտասարդ մասնագետները, որ ընդգրկված են մեր դասավանդման գործընթացում, նրանցից մի քանիսի դիմումները ստորագրել եմ, մի քանիսի հետ պայմանավորվածություն կա, որ դիմումներ չներկայացնեն, մինչև որ հարցի որոշակի լուծում լինի: Ասեմ, որ վերջերս նախարարի մոտ խորհրդակցություն է եղել, ռեկտորների խորհրդով մենք հրավիրված էինք և մենք, այդ թվում` ես, մեր կարծիքը ասել ենք, որպեսզի հարցին որոշակի լուծում տրվի», – ասել է ԵՊՀ ռեկտորը:

Պարզաբանելով, թե որն է այդ հարցում իր կարծիքը՝ Սիմոնյանն ասել է, որ համենայնդեպս, աշխատանքի երկու վայրերում սոցվճարը չպետք է լինի։

«Երևի թե մեկ տեղում… Կամ, եթե անհրաժեշտություն ծագի, օրենսդրական փոփոխություն: Նախարարի հետ զրույցում մենք եկանք այն ընդհանուր կարծիքին, որ շտկել է պետք վիճակը, հակառակ դեպքում շատ կտուժենք. երիտասարդները, որոնց հետ շատ հույսեր ենք կապում, հեռանում են: Ըստ որում, տարբեր մասնագիտությունների գծով են: Օրինակ՝ այսօր դիմում տվածներից մեկը հոգեբան էր, մյուսը՝ ֆիզիկոս, սոցիոլոգ: Ես գտնում եմ, որ պետք է սրա առաջ առնել», – ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երիտասարդ դասախոսները վճարների հարցով դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

«Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլև մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետևաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլև կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը: Արդյունքում, համալսարաններում դասավանդելու համար մենք հարկադրված կլինենք տրամադրելու ոչ միայն ժամանակ, այլ նաև, փաստորեն, որոշակի գումար», – մասնավորապես, նշել էին նամակի հեղինակները:

Իրավաբան Մերի Խաչատրյանն ավելի վաղ Epress.am-ի ասել էր, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատողներից սոցվճարները գանձվում են Ֆինանսների նախարարության կողմից առանց որևէ իրավական հիմքի։ Խաչատրյանի խոսքով՝ ընդունված օրենքի 81-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր չեն կարող հրաժարվել սոցվճարներից, և դրանց մեջ չի մտնում պետական և մասնավոր հատվածներում համատեղության կարգով աշխատողները։

Արամ Սիմոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ում