Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում գտնվող նույնանուն հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն հնարավոր սխեմաներ բացահայտելու նպատակով այսօր խուզարկություն է իրականացրել։
Համաձայն ԱԱԾ պաշտոնական հայտարարության, ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Օրերս հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանին առաջիկա նիստում քննարկելու էր «Երևան» հիմադրամի լուծարման հարցը։ Պետական ռեգիստրում այն գրանցվել է 2007 թվականին։ Ամիսներ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը Երևանի ավագանու նախկին անդամ էր, դատի էին տվել «Երևան» հիմադրամին իրենց անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար։ Նրանք կասկածում էին, որ հիմադրամում հնարավոր է կոռուպցիոն սխեմաներ լինեին։
ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
Ըստ քաղաքապետարանի հետ հարաբերությունների փորձ ունեցած մարդկան և մամուլի հրապարակումների, «Երևան» հիմնադրամը գործում է որպես «սև բյուջե»․ այնտեղ նվիրատվությունների ձևով կուտակվում են այս կամ այն թույտվությունները ստանալու, քաղաքապետի դրական վերաբերմունքին արժանանալու համար տրվող կաշառքները։