Գլխավոր / Բնապահպանություն / Հայաստանցիները կվճարեն առնվազն $131 մլն, նույնիսկ եթե «Լիդիանը» շահագործի Ամուլսարը

Հայաստանցիները կվճարեն առնվազն $131 մլն, նույնիսկ եթե «Լիդիանը» շահագործի Ամուլսարը

Ամուլսարի հանքավայրը առաջին հանքն է Հայաստանում, որի բնապահպանական ռիսկերը մինչ շահագործումը գնահատել է ոչ միայն հանքարդյունաբերողը՝ «Լիդիան Արմենիան», այլև ընկերության ինֆորմացիայի հիման վրա՝ միջազգային 4 անկախ փորձագետներ։ Նրանցից երկուսը՝ Էնն Մաեստն ու Անդրե Սոբոլևսկին այսօր «Անի պլազա» հյուրանոցում ներկայացրել են իրենց եզրակացությունները։ Ըստ դրանց՝ «Լիդիանը» թերագնահատել է ռիսկերը, հետևաբար մշակել է հանքի շահագործումից հետո հանքավայրը խնամելու պասիվ ծրագիրը, որը ըստ փորձագետների, բավարար չի լինի՝ թունավոր նյութերը  չեզոքացնելու և դրանց հոսքը դեպի Արփա գետը և Կեչուտի ջրամբարը կանխելու համար։

Փորձագետների հիմնական մտահոգությունն այն է, որ հանքավայրի  բոլոր տեղամասերում կառաջանա թթվային դրենաժ՝ և կույտային տարալվացման հարթակում, և՛ դատարկ ապարների (թափոնների) լցակույտում, և՛ պայթեցումներից հետո սարի ներքին պատերին։

Անդրե Սոբոլևսկու խոսքով՝ կույտային տարալվացման հարթակում, որտեղ ջրի մեջ լուծվելու է 10 հազար տոննա ցիանիդ, առաջանալու են բազմաթիվ թունավոր մետաղներ, օրինակ՝ մկնդեղը, թիոցիանատը, ամոնիակ, նիտրատ, սնդիկ, որոնց չեզոքացումն ընկերությունը չի նախատեսում։ Սոբոլևսկին նշում է, որ թունավոր ջուրը շատ ավելի շատ է լինելու, քան կանխատեսում է ընկերությունը և դրա համար պասիվ մաքրումը բավարար չէ։ Այն անարդույնավետ կլինի նաև, որովհետև դա նախատեսված է նեյտրալ արտահոսքի համար, ոչ թե թթվայինի։  Պասիվ մաքրումը, ըստ ընկերության, սկսվելու է 5 տարի հետո, մինչդեռ, ըստ փորձագետի, այն պետք է սկսել հանքարդյունաբերության առաջին իսկ օրվանից։

Սարի խոռոչի պատերից թթուն մաքրելու ծրագիր «Լիդիանը» չունի․ ընկերությունը հիմնավորում է, թե ջուրը օգտագործելու է փոշին կանխելու համար։ Մինչդեռ, ըստ փորձագետի, պիկային ժամանակաշրջաններում խոռոչում առաջանալու է 110 լ/վ (400 մ3/ժ) թունավոր ջուր, որը բնական միջավայր թողնելն անթույլատրելի է։

Ինչ վերաբերում է թափոններից արտահոսքը կանխելուն, ապա «Լիդիանն» առաջարկում է մի մեթոդ՝ պատիճավորում (encapsulation), որը նախկինում չի փորձարկել։

Էնն Մաեստը նշել է, որ ամենաշատը թթվային դրենաժի հավանականություն կա դատարակ ապարներում (թափոններից)։

«Որոտանի, Արփայի ջուրը քիչ կոշտություն ունի, կոշտությունը ջրում մագնեզիումի և կալցիումի քանակն է։ Եթե կոշտությունը ցածր է, հանքից գետերը լցվող մետաղները ավելի թունավոր կլինեն ձկների համար։ Բացի դա, այդ գետերը չունեն թթուն չեզոքացնելու հատկանիշներ», — ասել է Մաեստը։

Ամուլսարի հանքի շահագործման ծրագրում «Լիդիան Արմենիա» ընկերությունն առանձնացրել է $34 մլն ֆինանսական երաշխիք՝ փակման և ռեկուլտիվացման ծախսերի համար։ Ըստ Անդրե Սոբոլևսկու՝ այդ երաշխիքը բավարար չէ, և, եթե ընկերությունը սննկանա կամ դադարեցնի հանքարդյունաբերությունը, փակման ծախսերը կմնան Հայաստանի ժողովրդի ուսերին։

Ըստ մասնագետի հաշվարկների՝ ռեկուլտիվացիան և վերականգնումը կարժենան մոտ $15 մլն, կրով մաքրման կայանը՝ $140 մլն, իսկ թիոցիանիտից մաքրման կայանը՝ $10 մլն։ Ընդհանուր հաշվարկված ֆինանսական երաշխիքը պետք է լիներ առնվազն  $165 մլն։ «Եթե «Լիդիանը» հեռանա, այդ հանքավայրի մասին հոգ տանելու ծախսերը մնալու են հայ ժողովրդի ուսերին», — ասել է նա։