Երևանի կենտրոնում՝ Տերյան փողոցի վրա գտնվող «Յանս» ռեստորանային համալիրում չարաշահումներ են արձանագրվել, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, «Յանսը» պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ընտանիքին։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 21-ին իրավապահները խուզարկություններ են կատարել «Սելենա» ընկերության («Յանսը» պատկանում է «Սելենային») տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում, բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։
«Խուզարկությամբ հայտնաբերված 1 100 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը», ֊ հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նշենք, որ «Յանս» համալիրը կառուցվել է Ազգային գրադարանի մոտ գտնվող Ուսանողական այգում։ 2010 թվականից սկած քաղաքացիական նախաձեռնություններ, գիտնականներ, Երևանի բազմաթիվ քաղաքացիներ դատարան էին դիմել՝ պահանջելով դադարեցնել ապօրինի շինարարությունը, սակայն ակումբը, այնուամենայնիվ, կառուցվել էր հանրային վայրում։
Epress.am Լուրեր Հայաստանից