Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին հունիսի 21-ին տարել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ հարցաքննության, ապա բաց թողել։
Երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել Մովսիսյանին պատկանող Արմավիր մարզի Այգեկ գյուղի առանձնատանը։ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և 2 հրացան, որը Մովսիսյանի կնոջ՝ Նելլի Մովսիսյանի խոսքերով՝ օրինական է եղել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էջմիածինցի մեկ այլ ՀՀԿ-ական օլիգարխի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի տներն էին խուզարկել։ Այնտեղ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, զինվորի համար նախատեսված սնունդ և հանգուստ, ծանրոցներ, թանկարժեք ավտոմեքենաներ։ ԱԺ նիստում Գրիգորյանին զրկել էին պատգամավորական անձեռնամխելիությունից, որից հետո նա 2 ամսով կալանավորվել էր։